Հարաբերությունների դեգրադացումից հետո Թրամփն ու Լավրովը կհանդիպեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Հանդիպումն անցնելու է առանց լրագրողների՝ Սպիտակ տան Օվալաձև սենյակում։ Այս մասին հայտնում է BBC-ին։ Սա Թրամփի և ռուսական ղեկավարության բարձր մակարդակի առաջին հանդիպումն է հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ նախագահի պարտականություններն ստանձնելու պահից սկսած։ Վլադիմիր Պուտինն ապրիլին Կրեմլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ անցած շաբաթ Թրամփի և Պուտինի միջև «շատ լավ» հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ավելի վաղ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի հանդիպումների միջոցով ակտիվացնել երկխոսությունը։ Մայիսի 10-ին Լավրովը պետք է բանակցություններ վարի ԱՄՆ պետքարտուղարության հետ, որտեղ քննարկվելու են նաև Սիրիայում և Ուկրաինայում կոնֆլիկտները։ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատացան այն բանից հետո, երբ Թրամփի որոշումից հետո ավիահարվածներ հասցվեցին Սիրիական կառավարական զորքերի կողմից օգտագործված ռազմաբազային։ Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն «Տոմագավկ» տեսակի 59 հրթիռ էր արձակել Իդլիբ նահանգում գտնվող սիրիական «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ։ Ռուսաստանը, որն աջակցում է Սիրիայի կառավարությանը, ԱՄՆ-ի հրթիռային հարվածը միջազգային իրավունքի խախտում էր որակել։ Դրանից հետո Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակը իջել է նույնիսկ այն ժամանակվա համեմատ, երբ նախագահ էր Բարաք Օբաման. «Կարելի է ասել, որ վստահության մակարդակն աշխատանքային, առավել ևս՝ ռազմական առումով չի դարձել լավը, ամենայն հավանականությամբ՝ դեգրադացվել է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։