Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ նորածինների բուժման ընթացքը` նախարարի ուշադրության ներքո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
art-image-480

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։ Երիտասարդ կնոջ  հղիության վարումն ու ծննդալուծումն իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։ Հաշվի առնելով սպասվող նորածինների վիճակը` խորը անհասություն և ծայրահեղ ցածր քաշ, մինչև կեսարյան հատման սկսելը ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ։  «Մուրացան»  բժշկական համալիրից հրավիրվել է արագ արձագանքման ռեանիմոբիլը։ Մնաժամանակ նախապատրաստվել է «Էրեբունի» ԲԿ-ի երկրորդ ռեանիմոբիլը`  նորածիններին, ըստ անհրաժեշտության, համապատասխան կլինիկաներ տեղափոխելու համար։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։  Անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ ցուցաբերելուց անմիջապես հետո նորածիններից երկուսը` տղան և աղջիկներից մեկը, տեղափոխվել են  «Մուրացան»  բժշկական համալիր` ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո։   Նույն ժամանակ նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի, իսկ մյուսը` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքներ։ Փոքրիկներից մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Բոլոր 5 փոքրիկները  կյանքի առաջին իսկ րոպեներին  ինտուբացվել են, ապա կլինիկաներում նրանց միացվել են արհեստական շնչառական սարքեր։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ՀՀ  ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի  հսկողության տակ գտնվող փոքրիկը ժամը  12-ի դրությամբ սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Այս պահին բոլոր 5 նորածնի առողջական վիճակը մասնագետները գնահատում են ծայրահեղ ծանր։  Նրանց բուժման ընթացքը գտնվում է  նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո։ Մասնագետներն ամեն ինչ անում են փոքրիկների կյանքը փրկելու համար։ ՀՀ Առողջապահության նախարարություն