Էրդողանը երկու քաղաքական գծի մեջ է տատանվում (տեսանյութ)
Սիրիայում քրդական գործոնի ակտիվացմանը կողմ են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնք սպառազինում են քրդերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Գոռ Գեւորգյանը: «ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ Ռաքքայի գրոհին ապագայում մասնակցեն նաեւ քրդերը: Իրականում Թուրքիայի համար վտանգավոր է քրդերի գործոնը, ոչ թե Բաշար Ասադը, այդ պատճառով էլ նա փորձելու է ամեն կերպ ճնշել քրդերին»: Արաբագետը նշեց, որ Թուրքիան մտավախություն ունի եւ մտադիր է թույլ չտալ Սիրիայում քրդական գործոնի ամրապնդումը: Գոռ Գեւորգյանի խոսքով՝ Սիրիական հակամարտության թնջուկն այնքան բարդ ու խճճված է, որ հանգուցալուծման մասին խոսելու հիմքեր չկան: Անդրադառնալով սիրիահայ համայնքին՝ բանախոսը նշեց, որ ազատագրված Հալեպն ավելի անվտանգ է, քան Դամասկոսը: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացման վերաբերյալ Գ. Գեւորգյանը նշեց, որ ստեղծված պայմաններում Թուրքիան իրեն բնորոշ խուսանավող եւ, էրդողանի կարծիքով՝ ճկուն քաղաքականություն է վարում: «Թուրքան եւ Էրդողանը տարածված ասացվածքով են առաջնորդվում, ըստ որի՝ եթե չես կարողանում ձեռքը կտրել, պետք է այն համբուրես: Ռուսը այն կարեւորագույն դաշնակիցն է, որի միջոցով կարող է հակակշիռ ստեղծել ԱՄՆ-ի դեմ եւ հակառակը»: Նրա դիտարկմամբ՝ Էրդողանը երկու քաղաքական գծի մեջ է տատանվում. մեկ ասում է, որ ԱՄՆ-ը լավն է, մեկ էլ սկսում է փնովել ԱՄՆ-ին։ «Մասնավորապես, դա պայմանավորված է քրդերի աջակցության տրամադրման շրջանակներում։ Մյուս կողմից էլ Ռուսաստանի հետ է որոշակի բարդույթներ ստեղծում՝ կապված այն հանգամանքի հետ, որ Բաշար Ասադը պիտանի չէ, որ երկրում խաղաղություն ստեղծվի: Մինչդեռ, ավելի վաղ նշում էր, որ Բաշարը պիտի մնա, եւ առանց նրա հնարավոր չէ հասնել խաղաղության»: