Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու էր ապրիլի 2-ի վաղ առավոտյան ժողովուրդն այդքան ակտիվ

Քաղաքականություն
sd1

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է քննարկվել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի` ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Պատասխանող կողմն այսօր պատասխանում է հայցվոր կողմի հարցերին։ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հարցերին պատասխանում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նրանք պարբերաբար վիճաբանում էին։ Լեւոն Զուրաբյանի այն հարցին, թե դպրոցների ու մանկապարտեզների քանի տնօրեն է հարցաքննվել, Տիգրան Մուկուչյանը կարճ եւ անորոշ պատասխաններ էր տալիս։ Միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` պահանջելով, որ կոնկրետ դիմումի շրջանակներում հարցուպատասխան լինի։ Տիգրան Մուկուչյանը որոշ հարցերի հրաժարվում էր պատասխանել` ասելով. «Ժամանակի ավելորդ վատնում եմ համարում»: «Ինձ շատ գոհացնում են ձեր պատասխանները»,- արձագանքեց Լեւոն Զուրաբյանը։ Պարոն Զուրաբյանը հետաքրքրվեց` Տիգրան Մուկուչյանը ինչպե՞ս կբացատրի առավոտյան ժամերին ընտրողների գերբնական ակտիվությունը։ «Ցուցակները հրապարակված են, հերթով հանդիպեք նրանց հետ, հարցրեք, թե ինչու էին այդքան ակտիվ»,-հեգնեց Տիգրան Մուկուչյանը։ Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր Արտակ Սարգսյանի շտաբի աղմկահարույց ձայնագրությանը` խոսելով այնտեղ հավաքված հարյուրավոր մարդկանց մասին։ «Ձայնագրությունից երեւո՞ւմ էր, հա՞, թե քանի մարդ էր։ Հիմա 200, թե՞ 400 մարդ էր»,-շարունակեց նույն ոճով ԿԸՀ նախագահը։ Դահլիճից պարբերաբար ռեպլիկներ էին հնչում, ինչին ի պատասխան Գագիկ Հարությունյանը խիստ նկատողություն արեց` հայտարարելով. «Այնպես չանեք, որ ձեր նկատմամբ կիրառեմ Սահմանադրության 50-րդ հոդվածը (հեռացնել դահլիճից-հեղ.)»: