Ըստ ԿԸՀ-ի՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը հիմնազուրկ է
Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է քննարկվել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի`ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումը։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչները միջնորդեցին լրացուցիչ նյութեր կցել գործին։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մերժեց` ասելով` նոր նյութեր չեն կարող ընդգրկել, քանի որ դա կնշանակի` նորից հետաձգել նիստը, նորից քննություն անել։ Դաշինքի լիազոր ներկայացուցիչներն այսօր պատասխանում էին պատասխանող կողմի հարցերիին։ Հարցերն ուղղում էր ՀՀ գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը։ Նա հետաքրքրվեց` եթե խախտումների մասին տեղեկություններ ուներ դաշինքը, ինչո՞ւ չի ներկայացրել Գլխավոր դատախազություն։ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ պատճառը դատախազության նկատմամբ անվստահությունն է, որ որեւէ գործի ընթացք չի տալիս, հանցավոր անգործության մեջ է։ Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց դատախազության ներկայացուցչին, թե նրա պարտականությունն է հարցեր տալ, այլ ոչ թե մեկնաբանություններ անել։ Կարեն Բիշարյանը փորձեց ընդդիմանալ նույնիսկ այն ժամանակ, երբ Լեւոն Զուրաբյանը փորձում էր մեկնաբանել իր խոսքերը։ Առաջացավ փոքր վիճաբանություն։ Որպես դատախազության անգործության օրինակ` Լեւոն Զուրաբյանը վկայակոչեց դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրությունը, որին որեւէ ընթացք չտրվեց։ Գագիկ Հարությունյանը կրկին նկատողություն արեց Դատախազության ներկայացուցչին` հարցը չօգտագործել ելույթ ունենալու համար։ Պատասխանող կողմի հարցուպատասխանն ավարտվեց։ «Անկախ նրանից` հաճելի է, թե ոչ, այժմ արդեն լսում ենք պատասխանող կողմի հիմնավորումները»,- հայտարարեց Գագիկ Հարությունյանը։ Ելույթ ունեցավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Իր խոսքում նա նշեց, որ դաշինքի կողմից իր դիմումում նշած դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունը որեւէ կապ չունի դիմումի բովանդակության հետ. «Գործ ունենք մի դիմումի հետ, որ բացարձակապես հիմնազուրկ է։ Դիմումում կան նաև սխալներ»: