«Եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով դատեք» ամբաստանվող դատավոր (տեսանյութ)
Դատարանում մեղադրանքը պետք է պաշտպանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Պահանջում է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը: «Չեմ ուզում լիրիկական զեղումներ թույլ տալ, սակայն ասեմ, եղբա՛յր, օրենքով բռնել եք, օրենքով դատեք»,- այսօր դատարանում նշեց նախկին դատավորը: Գլխավոր դատախազի կողմից տրված լիազորագրով դատարան ներկայացած դատախազ Կարեն Բիշարյանին նա պատշաճ մեղադրող չհամարեց եւ նրա լիազորությունները դրեց կասկածի տակ: «Ուղղակի հակաօրինական է եւ ապօրինի նրա եւ ցանկացած այլ դատախազի մասնակցությունը, որպես մեղադրողի»,- ավելացրեց Իշխան Բարսեղյանը: Իսկ դատախազ Կարեն Բիշարյանը պարզաբանեց. «Դատական օրենսգրքով նման երաշխիք ամրագրված չէ, որ դատավորի վերաբերյալ մեղադրանքը պարտադիր պետք է պաշտպանի գլխավոր դատախազը»: Այս գործով դատական նիստերը բավականին երկար ժամանակ չէին կայանում, քանի որ գործը քննող դատավորը տեղափոխվել էր այլ դատարան: Չնայած ամբաստանյալի պահանջին՝ նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց շարունակել դատական նիստը, որի ժամանակ մեղադրողը ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում է խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով կաշառք վերցնելու մեջ։ Փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար։ Ի տարբերություն դատավորի՝ Էլզա Զաքարյանը ընդունեց իր մեղադրանքը։ Նիստը կշարունակվի ապրիլի 28-ին: