Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամուսինս որովայնը բացել է». ինքնավնասում «Նուբարաշեն»-ում

Հասարակություն
nubarashen-nkar

«Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում կալանավորների ինքնավնասման հերթական դեպքն է գրանցվել. «Ես տեղեկացա, որ ամուսինս ու այլ կալանավորներ ինքնավնասումների են դիմել, ամուսինս որովայնը բացել է»,- «Ա1+»-ին փոխանցում է կալանավոր Արմեն Հակոբյանի կինը՝ Արմինե Հակոբյանը։ Դատապարտյալի կինն այսօր երեխաների հետ ամուսնուն այցելության է գնացել, բայց հանդիպում այդպես էլ տեղի չի ունեցել. «Սենյակները այլ կալանավորների գումարի դիմաց տրամադրում են, բայց մեզ չի հասնում, չգիտեմ՝ ինչու»։ Կինը կասկածներ ունի, որ ՔԿՀ ղեկավարությունն իրենցից էլ է գումար ակնկալում և դա չստանալով՝ չի թույլատրում տեսակցություն։ Ամուսինն էլ ի նշան բողոքի դիմել է ինքնավնասման։ Քրեակատարողական հիմնարկների վարչությունը հաստատեց ինքնավնասման հանգամանքը։ «Ա1+»-ին փոխանցեցին, որ խոսքը գնում է մարմնի տարբեր մասերին քերծվածքների մասերին։ «Քերծվածքներ են եղել, հիմա բժիշկներն օգնություն են ցույց տալիս»։ Մինչդեռ դատապարտյալի կնոջ խոսքով՝ ամուսնու և մյուս դատապարտյալների վերքերն ավելի խորն են. «Ամուսինս ահազանգում է, որ ինքն ու խցակիցները արյան մեջ թաթախված են, բայց որևէ օգնություն ցույց չեն տալիս։ Եկել են թոքերը լսել ու գնացել»։ Կինն անհանգստացած է, որ ամուսնու առողջական վիճակը կարող է ավելի վատթարանալ։ ՔԿՎ-ից հայտնեցին, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք կալանավորները կտեղափոխվեն քաղաքային հիվանդանոց, թե օգնությունը «Նուբարաշենում» կկազմակերպվի։ ՔԿՎ-ից նաև մեկնաբանում են Արմեն Հակոբյանին ու ընտանիքին տեսակցություն թույլ չտալու հանգամանքը. «Դատապարտյալ Արմեն Հակոբյանը նախորդ ուրբաթ օրը` ապրիլի 14-ին, արդեն իսկ սպառել է իր կարճատև տեսակցությունների քանակը: Այդ մասին այսօր քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից տեղյակ է պահվել վերջինիս կնոջը: Հայտարարում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գործել է բացառապես օրենքի շրջանակներում` ներկայացնելով կարճատև տեսակցությունը մերժելու հիմքերը»:  Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանն ու իր խցակիցները ինքնավնասում արել էին նաև այս տարվա հունվարի 22-ին, բողոքելով նոր խցի վատ պայմաններից։