Հայտնի դարձան տարվա լավագույն ստեղծագործությունները
Ապրիլի 15-ին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը, որը նպատակ ուներ ևս մեկ անգամ արժևորելու ու մեծարելու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները: 2016 թվականի ընթացքում Հայաստանում և նրա սահմաններից դուրս հնչած ստեղծագործությունները ընդգրկվել էին 3 անվանակարգերում՝ սիմֆոնիկ, կամերային և խմբերգային երաժշտություն։Մրցանակաբաշխությունը ներառում էր նաև ևս մեկ անվանակարգ՝ երաժշտագիտություն, որում ընդգրկված էին ՀԿՄ անդամ երաժշտագետների՝ 2016 թվականին հրատարակված գիտական հոդվածները, տպագրված աշխատությունները և այլն։ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով՝ մրցանակաբաշխությունը երևույթ է, որի նմանն անգամ Սովետական տարիներին չէր արվել․ «Այս նախագիծը ցույց է տալիս, որ մեր կոմպոզիտորները ստեղծագործում են։ Մրցանակաբաշխությունը առիթ է խրախուսելու կոմպոզիտորներին, երաժշտագետներին՝ հույսով, որ նրանք չեն դադարի ստեղծագործել ու հայ երաժշտարվեստում կշարունակեն նշանակալի ներդրում ունենալ։ Շատ հաճելի է, որ մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործություններից շատերը հնչել են ոչ միայն Հայաստանում, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում և այլուր, դրանով իսկ նպաստելով հայ երաժշտության տարածման գործընթացին»։ Մինչ հաղթողների անունները հայտարարելը, շնորհակալագրերով պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» բաց բաժնետիրական ընկերությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտը, «Շողակաթ», «Երկիր Մեդիա» և «Ա1+» հեռուստաընկերությունները, «Վեմ» ռադիոկայանը՝ 2016 թվականին Կոմպոզիտորների միության նախագծերի կողքին լինելու և աջակցելու համար։ Ժյուրիի կայացրած որոշման համաձայն, երաժշտագիտություն անվանակարգում տարվա լավագույն ստեղծագործություն է ճանաչվել Մարգարիտա Ռուխկյանի՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում լույս տեսած հոդվածները, խմբերգային երաժշտության ժանրում՝ Աննա Հակոբջանյանի և Գևորգ Հովհաննիսյանի ստեղծագործությունները, կամերային երաժշտության ժանրում՝ Աշոտ Զոհրաբյանի Լարային երրորդ կվարտետը, իսկ սիմֆոնիկ երաժշտության ժանրում՝ Վահրամ Բաբայանի Հինգերորդ սիմֆոնիան։ Վերջինիս խոսքով՝ ուրախալի է, երբ կա նմանօրինակ միջոցառում, որը շատ կարևոր է հայ իրականության մեջ։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ստեփան Ռոստոմյանը, Ալինա Փահլեվանյանը, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը։ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխությունը անցկացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։