ԱԳՆ-ն Եգիպտոս այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս չլքել հանգստի գոտիները. Արմենպրես
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս առնչությամբ պատասխանել է «Արմենպրես»ի հարցին: Պարոն Բալայան, Ալեքսանդրիայում և Տանտայում ապրիլի 9ին արձանագրված ահաբեկչություններից և արտակարգ դրության հայտարարումից հետո ինչպիսին է ՀՀ արտաքին գործերի նախարարության վերաբերմունքը դեպի Եգիպտոս շարունակվող տուրիստական այցելությունների հետ կապված: Հաշվի առնելով ապրիլի 9ին Ալեքսանդրիայի և Տանտայի Ղպտի ուղղափառ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և այդ կապակցությամբ 3 ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին ԵԱՀ կառավարության կողմից ընդունված որոշումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին. առանց անհրաժեշտության չլքել հանգստյան գոտիները, խուսափել զանգվածային կուտակման վայրերից, մշտապես ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: