Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan

Հանրապետականի քաղաքական դպրոցը պատրաստ է Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրել դասախոսություն կարդալու. Այս մասին այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնվի դասավանդել մեր դպրոցում»: Սակայն հայտնի է, որ առաջին նախագահը Հանրապետականի իշխանության տարիները բնորոշում է իբրեւ ավազակապետություն, որի գագաթին կանգնած է Սերժ Սարգսյանը: Պատրա՞ստ է դպրոցի տնօրեն Արմեն Աշոտյանը նման մտքեր լսել իր ղեկավարած հիմնարկում. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե ընդունի մեր հրավերը, կունենա նույնքան ակադեմիական ազատություն, որքան ունի այստեղ ցանկացած դասախոս»: Սակայն եթե Տեր-Պետրոսյանը համաձայնվի դասավանդել Հանրապետականի քաղաքական դպրոցում, Արմեն Աշոտյանը նրան կհիշեցնի, որ ակադեմիական ազատության բացած դիսկուրսը կարող է ենթարկվել որոշ սահմանափակումների. «Այդ դիսկուրսը կարող է սահմանափակվել բացառապես սահմանադրական նորմերով եթե քաղաքական կարծիքը դավանում է կամ կոչ է անում բռնության, այլատյացության, սահմանադրական կարգերի հիմքերի տապալման»։ Արմեն Աշոտյանը չի հերքում, որ ընդդիմադիր մեկ ուժի նախընտրական քարոզչությանը մասնակցում էին Հանրապետականի քաղաքական դպրոցում սովորած երիտասարդներ: Ինքը չի ասի, որ նրանք «Ելքի» տղաներն էին. «Այդ երիտասարդները մասնակցել են մեկից ավել ընդդիմադիր քաղաքական ուժերի քարոզարշավին»: Ի դեպ անդրադառնալով Էդվարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ Երեւանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի համար Արմեն Աշոտյանը կարող է երգ գրել, կրթության նախկին նախարարը հակադարձեց. «Եթե կարիքը լինի նաեւ երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ այն մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները եւ բանաստեղծությունների եւ երաժշտության տեսքով, որպեսզի իրենք լավագույնս արտահայտեն այն ինչ որպես հեղինակ ես դիտել եմ այս կամ այն երգը գրելիս»: Նա երեկ լսել էր «Ելքի» առաջնորդի «Էրեբունի Երեւան» երգի կատարումը, կարող է ասել, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանի անկաշկանդությունը. «Ակնհայտ էր, որ ֆալշ է երգում»: