Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը պարզապես սրճարանում զրուցել է, պաշտոնական առաքելություն չի եղել (տեսանյութ)

Քաղաքականություն
zara1

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը եւս չի լինի նոր խորհրդարանում, իր՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ առաջիկա ընտրությունները դիտարկում է որպես լուրջ քաղաքական պայքար. «Սա համայն հայության մայրաքաղաքն է, դրա համար պետք է լուրջ ընդունել, այլ ոչ որպես ընդամենը ՏԻՄ ընտրություն»: Նա չի կիսում այն տեսակետը, թե ավագանու ընտրություններին իրենց մասնակցությամբ լեգիտիմացնելու են իշխանությունների վերընտրվելը: Տիկին Փոստանջյանն անդրադարձավ նաեւ Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանին առաջարկել են միասին մասնակցել ընտրություններին, անգամ՝ գլխավորել ցուցակը. «Ինչպես ԱԺ ընտրություններին, այնպես էլ այս անգամ, ես գտնում եմ, որ արհեստական ստեղծված այս դաշինքները արդյունավետ չեն, չեն համախմբվում եւ դաշինք ստեղծում սկզբունքների, գաղափարի եւ ծրագրի շուրջ, հետեւաբար նրանք նաեւ ձախողվում են ժամանակի ընթացքում: Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները. մենք ընդամենը ունեցել ենք հանդիպում ու ընկերական զրույց՝ ուղղակի որպես կոլեգաներ՝ ես, նա եւ Սասուն Միքայելյանը սրճարանում ուղղակի զրուցել ենք, այսինքն՝ նա պաշտոնական առաքելություն չի ունեցել ինձ որեւիցե առաջարկ ներկայացնելու: Եթե լիներ նման պաշտոնական առաքելություն, անգամ չէի հանդիպի նրանց հետ, բանավոր կմերժեի: Ուզում եմ ասել, որ պարոն Փաշինյանը կարիք չկար, որ նման հայտարարությամբ հանդես գար. ցանկալի կլիներ, որ նա լինի քաղաքի տղա ու չխախտի էթիկայի կանոնները»: