Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին դրոշ կնվիրի (տեսանյութ)
5-րդ գումարման ԱԺ-ի վերջին քառօրյան կրկին սկսվեց ու ավարտվեց մեկ րոպեի ընթացքում: Այս անգամ եւս քվորում չապահովվեց՝ ներկա էր 17 պատգամավոր, հիմնականում նրանք, որոնք անցկացված ընտրությունների արդյունքում այլեւս չեն լինի հաջորդ խորհրդարանում: Այդ պատգամավորներն էին՝ ՀԱԿ խմբակցությունից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյան, Զարուհի Փոստանջյանը, ԲՀԿ խմբակցությունից Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից՝ Հովհաննես Սահակյանը եւ այլն: Նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ավելի ուշ այգում զբոսնում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որի անդորրը խախտեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա արագ մոտեցավ զբոսանքի դուրս եկած Գալուստ Սահակյանին եւ նրանից խնդրեց իրենց՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակին նվիրել ԱԺ իրենց խմբակցության Եռագույնը՝ իբրեւ նվեր, հուշ: Գալուստ Սահակյանի պատասխանը դրական էր: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը Արցախի խորհրդարանից խնդրելու է Արցախի դրոշը, ինչպես նաեւ՝ կփորձի ձեռք բերել Արեւմտյան Հայաստանի դրոշը: