Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիական հակամարտությունը ՀՀ-ի համար վտանգ է ստեղծում. փորձագետ

Քաղաքականություն
siria

Սիրիական հակամարտության սրացմանը զուգընթաց՝ պառակտվելու է սիրիահայ և հատկապես հալեպահայ համայնքը: Դրա հետևանքով  կավելանա սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան, ինչը այս շրջափուլում հավելյալ տնտեսական դժվարություններ կստեղծի պետության համար, քանի որ նրանց տեղավորելը և աշխատանքով ապահովելը բավականին բարդ է:  Նման կարծիք այսօր կայացած ասուլիսին հայտնեց  տարածաշրջանային հարցերով փորձագետ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Ըստ նրա, Հայաստանի սպառնացող երկրորդ վտանգը ԻՊ խմբավորման ազդեցության գոտիների ընդլայնումն է: «Հայաստանը քրիստոնյա և հետևաբար ծայրահեղականների համար ոչ ցանկալի երկիր է, և ինչքան որ ԻՊ գործողությունների գոտիները մոտենան  հայաստանյան սահմաններին, այնքան  նրանից  վտանգը կավելանա»,- շեշտեց նա: Բացի այդ, ծայրահեղականները հակաքրիստոնեական կոչեր հնչեցնելիս քանդում են նաև հայկական եկեղեցիները: Ըստ Մուշեղ Խուդավերդյանի, Սիրիայում պայքարը նմանվում է փոքրիկ համաշխարհային պատերազմի, որը մղվում է  և արևմտյան բլոգի, այսինքն ՆԱՏՕ-ի, նույն ինքը Եվրոպայի և ԱՄՆ-ի և արևելյան բլոգի՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև:  Այս համատեքստում չի կարելի մոռանալ Թուրքիայի դերը, որն ունի հետաքրքիր կեցվածք.  «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փորձում է վարել  ԱՄՆ-ից անկախ քաղաքականություն և  ցույց տալ, որ Թուրքիան տարածաշրջանի առաջնորդն է, բայց միաժամանակ հստակ գիտակցելով, որ եթե Թուրքիան Սիրիայում  չսպասարկի ՆԱՏՕ-ի շահերը, նա մեկ օր էլ չի մնա ՆԱՏՕ-ի կազմում: Թուրքիայում առկա  ԱՄՆ-ի շուրջ 19 ռազմաբազաները կապում են Էրդողանի ձեռքերը Սիրիայում անկախ գործելու առումով»,- նշեց նա: Փորձագետի կարծիքով, թուրքական կողմը պայքար է մղում Սիրիայի և Իրաքի քրդերի միավորման դեմ. «Միաժամանակ Եփրատի գործողությունը ցույց տվեց, որ Սիրիայի տարածքը բաժանված է ՆԱՏՕ-ի և արևելյան բլոգի միջև, և նրանցից որևէ մեկի ոտնձգության դեպքում նրանք  միմյանց հասցնում են արժանի հակահարվածներ»,- նշեց Մուշեղ Խուդավերդյանը: Ըստ նրա, ժնևյան բանակցությունները Սիրիայի հարցում դեռևս հաշտության համաձայնեցման իմիտացիա են, ինչի վառ ապացուցն են վերջին դեպքերը.  «Քիմիական հարձակման փաստը  դեռևս հաստատված չէ, քանզի արևմտյան բլոգի՝ ՆԱՏՕ-ի գործելաոճերից մեկն է հարձակումից առաջ դիմացինին մեղադրել քիմիական կամ զանգվածային ոչնչացման զենք ունենալու և կիրառելու մեջ»: «Թրամփի այս քայլից պարզ է դառնում, որ նա կրկնում է նույն Օբամայի, նույն Բուշի վարչակազմի  գործողությունները, որոնք միտված են լարվածության էլ ավելի մեծացմանը, և ղեկավարությունը ԱՄՆ-ում  շահագրգռված է լարվածության աճին, անկախ նրանից, թե ով կլինի նախագահը: Թրամփը,  ինչպես իր նախորդները, հակված է ԱՄՆ-ի ազդեցության գոտիները ընդլայնելու՝ ի հաշիվ արևելյան ազդեցության գոտիների»,- ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ  ռուս-ամերիկյան հարաբերությունները այս առումով մշտապես լինելու են լարված և անկայուն, քանի դեռ ԱՄՆ-ն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը ի հաշիվ ռուսական ազդեցության գոտիների, և որ առաջիկայում հաշտության եզրեր չեն երևում :