Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերբերը նշում են, որ հայերն իրենց երկրի համեմունքն են եղել» (տեսանյութ)

Մշակույթ
serbia

«Երբ առաջին անգամ 30 տարի առաջ, որպես զբոսաշրջիկ եկա ձեր երկիր, հուշանվերների խանութից փոքր մի զարդատուփ գնեցի։ Ինչ իմանայի, որ մի օր այն կարող է հայրենիք վերադառնալ»,- ասում է աճպարար, Սերբիայի աճպարարների միության նախագահ Ռադե Պիլիպովիչը, որն իր տիկնոջ, նկարիչ Միրյանա Տոմաշևիչի հետ  Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ գտնվում է Երևանում։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում Միրյանան ներկայացավ իր գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ, իսկ ամուսինը, որն ի դեպ, նույնպես ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում, ներկայացրեց աճպարարական հնարքները։  «Սա մեր փոքրիկ նվերն է մայրության օրվա առթիվ։ Շատ սիրեցինք ձեր հյուրասեր երկիրը», ասաց  Ռադե Պիլիպովիչը, նրա տիկինը նույնպես տպավորված էր հյուրընկալությամբ և Արարատով։ ՀՀ- ում Սերբիայի Հանրապետության Պատվավոր Հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի խոսքով ամեն հնարավորություն նա օգտագործում է հայ- սերբական մշակութային կամուրջը զարգացնելու ուղղությամբ, քանի որ  մշակույթի լեզուն է ազգերին բարեկամացնող լեզուն։  «Սերբիայում 1915-ից հանգրվանած հայերը մեծ ավանդ ունեն», ասում է Պատվավոր հյուպատոսը: «Սերբերն իրենք նշում են, որ հայերն իրենց երկրի համեմունքն են եղել։ Ներկայիս համայնքն, ավաղ «տկարացել» է»։