Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարագը հասել է ոսկու գնին». քաղաքացիները՝ թանկացումների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
supermarket

2017թ. հունվար-մարտ ամիսներին, ինչպես նաև 2016թ: Նոյեմբեր-դեկտեմբերին երևանյան խոշոր ցանցային խանութներում նկատվել է կարագի և շաքարավազի գների պարբերական աճ: Սուպերմարկետներից օգտվող քաղաքացիները շեշտում են, որ շաքարավազի գները խոշոր խանութներում ամսական բարձրանում են 10, 40 նույնիսկ 100 դրամով: Շեշտակի աճ նկատվում է հատկապես պահածոյացման սեզոնին:  «Երեք ամիս առաջ 1կգ շաքարավազը արժեր 370 դրամ, հիմա այն կարող է արժենալ նույնիսկ 420 դրամ: Ընդ որում` գնային տատանումները կարելի է նկատել անգամ մեկ օրվա ընթացքում. առավոտյան այլ գներ կարող են լինել, երեկոյան՝ այլ»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց Երևան Սիթի սուպերմարկետի մի հաճախորդ: «Դա նկատելի է հատկապես Երևանի կենտրոնում, որտեղ գերակայում են ցանցային սուպերմարկետները, իսկ ծայրամասերում, որտեղ փոքր խանութները համեմատաբար շատ են, գները ավելի խղճով են»,- նկատեց մեկ այլ կին: Մի կին, որ չցանկացավ նկարահանվել, նկատեց, որ ամեն խանութ իր գինն է դնում շաքարավազի վրա, այն դեպքում, երբ հայտնի է, որ այդ մթերքը բերվում է մեկ տեղից: «Մարդիկ ստիպված են այս խանութից այն խանութ վազել քիչ թե շատ օպտիմալ գնով շաքարավազ ճարելու համար, ինչը պարզապես ձեռքառնելիք է», -ասաց նա: «Դա գալիս է նրանից, որ մայրաքաղաքը գերծանրաբեռնված է խոշոր սուպերմարկետներով, որոնք զեղչեր են իրականացնում՝ ունենալով մեծ ծավալով ապրանք առաջարկելու հնարավորություն»,- նշեց մեկ այլ քաղաքացի: Քաղաքացիների կարծիքով, չափազանց շատ բարձրացել է կարագի գինը՝ հասնելով  ոսկու գներին. եթե նախկինում միջինում 1կգ կարագի դիմաց վճարվում էր 2100 դրամ, հիմա այդ կենսական նշանակության մթերքի գինը գերազանցում է 3000 դրամը:  Ըստ գնորդների, 2016թ. ընթացքում կարագի գինը բարձրացել է շուրջ 500 դրամով: Ազգային վիճակագրական տվյալներով՝ Հանրապետությունում յուղերի և ճարպերի միջին շուկայական գները 2017թ. հունվար-փետրվար ամիսներին  2016թ. դեկտեմբերի նկատմամբ բարձրացել են 0,8 տոկոսով, իսկ շաքարի և շաքարավազի գները՝ 2,9 տոկոսով:  2016թ: ընթացքում կենդանական և բուսական ծագման յուղերի միջին գները նվազել են 3,2%-ով, իսկ շաքարավազը թանկացել է 0,7 տոկոսով: Հիշեցնենք, երեկ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալովգնաճին, ասաց. «Գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակի, այսօրվա դրությամբ մենք ունենք դեֆլացիա, եւ շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ չորս տոկոսանոց գնաճ:  Դա նաև նպաստելու է տնտեսական աճին»: