Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի ուզածն ամենեւին էլ Արցախը չէ. Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Ղարաբաղյան պատերազմը սկսվել է 1989 թվականի աշնանը եւ չի ավարտվել մինչեւ այսօր, կարծում է ռազմական փորձագետ Վովա Վարդանովը ու հավելում, որ հենց դրա պատճառով է, որ ցանկացած պահի կարող է վերսկսվել անցած տարվա ապրիլյան թեժացումը. «Դա կապված է նաեւ իրենց տեխնիկական ու անձնակազմային բարելավման հետ: Իհարկե այդ ամենը նրանք նախորդ տարվա ապրիլի նման անսպասելի չեն անի, շատ հիմար պետք է լինեն, որ նույն սցենարով անեն, բայց մշտապես լարվածությունը կպահեն»: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը կարծում է, որ տարիների ընթացքում Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, նրանք շարունակում են մաշեցնող պատերազմի մեխանիզմը. «Նրանք հասկացել են, որ  միանգամից, երբ հարձակվում են, լայնածավալ գործողությունների դիմում, հայ ազգը համախմբվում է ու ավելի ուժեղ դառնում: Դրա համար նրանք քիչ-քիչ են ամեն ինչ անում, անընդհատ զոհեր են լինում ու դրանով նրանք ուզում են հասնել իրենց գլխավոր նպատակին, որը ամենեւին էլ Արցախը չէ»,- ասում է Արա Պապյանը ու հավելում, որ մեր թշնամու նպատակը Հայաստանի ոչնչացումն է. «Ես համաձայն չեմ այն ուժերի հետ, որոնք պնդում են, թե հողեր վերադարձնելով կհասնեն խաղաղության, ոչ, խաղաղություն չի լինի, որովհետեւ Ադրբեջանը դա չի ուզում, նա ուզում է հայ ազգին ոչնչացնել տարածաշրջանից»: Բանակցային ճանապարհով այս պահին Արցախյան հակամարտությունը չի լուծվի, ասում է պարոն Պապյանը ու հավելում, որ այսօր հայ հասարակությունն ավելի լավ է պատրաստվում պատերազմի, քան իշխանությունները, քանի որ ոստիկանության վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան բանակի: Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ նկատեց, որ պատերազմի շունչը քաղաքներում չեն զգում, այն շոշափելի է դառնում սահմանում. «Այս առումով ապրիլյան պատերազմը ցնցող ազդեցություն ունեցավ, քանի որ հասկացանք՝ պատերազմը լուրջ է: Մենք  կորուստներ ունեցանք ու մինչեւ հիմա տնքում ենք: Հաղթանա՞կ, թե՞ պարտություն, այս հարցը շատ անգամ օդի մեջ է, սակայն պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի նպատակը մի քանի կիլոմետր խորանալն էր, այլ ոչ թե միայն այն, որ հայկական կողմը զոհեր ունենա: Ծանր տրվեց, բայց հաղթանակ էր»,- ասաց նա: