«Ելքի մեկուսական վիճակը նպաստեց, որ մենք ունենանք այն, ինչ ունենք» (տեսանյութ)
Ընդդիմադիր քաղաքական ուժերից որոշների ցածր տոկոսները իրենց անլուրջ վերաբերմունքի պատասխանն էին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ««Ելքի» երիտասարդների խանդավառությունը հասկանալի է, բայց նաեւ նույն այդ «Ելքի» մեկուսական վիճակը նպաստեց, որ մենք ունենանք այն, ինչ ունենք։ Մեր առջեւ մասնավոր քաղաքական հարցեր չկան, որ «Ելքի» կամ ձախակողմյան Դաշնակցության հաղթանակով ուրախանանք։ Օդում կախված էր մի գաղափար՝ այս իշխանությանը պետք է հեռացնել, եթե ընտրությունների ընթացքում մասնակից ուժերը դրան չեն հասել, ուրեմն պարտված ենք։ Եկեք մեզ չխաբենք»։ Ըստ նրա՝ խորհրդարանում նստելն անիմաստ է, եւ եթե ընդդիմությունը մեծամասնություն չէր կազմելու, ապա այս ընտրությանը գնալն իմաստ չուներ։ «Հիմա եթե միասնաբար լինեինք, ՀԱԿ-ն էլ կանցներ, ՕՐՕ-ն էլ կանցներ, հիմա ես չէ, մեր ժողովուրդը ջախջախիչ պարտություն կրեց։ Սա մեզ բոլորիս պարտավորեցնում է, որ խելքներս գլուխներս հավաքենք, ի մի գանք եւ չսպասենք հաջորդ 5 տարուն»։ ՕՐՕ համակիր Ազատ Արշակյանը կարծում է, որ որոշ ուժեր չկարողացան հաղթահարել պահանջվող տոկոսային շեմը, քանի որ ընտրել էին սխալ ռազմավարություն։ ««Ելքի» եւ Դաշնակցության մոտ ստացվեց խաղի այս կանոններով, այս կանոնները ընտրությունների կանոններ չէին, սակայն կանոններ էին, եւ ժողովուրդը պետք է ապրի այն կանոններով, որ իրենց համար սահմանել են»։