Ամրապնդվող ավտորիտար ռեժիմ՝ Հայաստանում և Ղրղըզստանում. Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ – 2017» զեկույցը, որտեղ Հայաստանը համեմատվել է Ղրղըզստանի հետ. «Հայաստանի, ինչպես և Ղրղըզստանի դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է հանգամանքների բերումով զարգանում ավտորիտարիզմը: Թեեւ այս երկրների իշխանությունները բախվում են բնակչության դժգոհությանը, սակայն ճնշելով քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել պետության կառուցվածքը, սակայն հիմնական նպատակը իշխանության պահպանումն է»։ Զեկույցը հրապարակվել է ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, և կար մի այսպիսի կանխատեսում. «Հայաստանում կստեղծվի կառավարություն և խորհրդարան, որտեղ իշխող կլինի Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, և Սարգսյանը կունենա պաշտոնապես կամ կուլիսների հետևից ղեկավարելու հնարավորություն»: Ժողովրդավարության և ռեժիմի վարկանիշի գնահատականները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1-ը մատնանշում է ժողովրդավարական զարգացման ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածր: Զեկույցում Հայաստանն ունի 5.39 միավոր: Շարունակելով համեմատությունը Ղրղըզստանի հետ՝ զեկույցում ասվում է, որ երկու երկրներն էլ մոտենում են ամրապնդվող ավտորիտար ռեժիմների։ Հարևանների համեմատությամբ Հայաստանը զիջում է Վրաստանին, որտեղ անցումային կամ հիբրիդային կառավարում է, սակայն առավելություն ունի Ադրբեջանի, ինչպես նաև թիվ մեկ դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, որտեղ կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներ են: «Հայաստանի և Ղրղըզստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալմազբեկ Աթամբաևը պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են խորհրդարանների ժողովրդավարական իշխանությունն ամրապնդելու համար տարածաշրջանում։ Երկու երկրներում էլ նախագահների լիազորությունները մոտենում են ավարտին, և նրանք այլևս չեն կարող առաջադրվել: Ավելին, նրանք չեն կարող վստահ լինել, որ էլիտան կամ հասարակությունը չի ընդվզի, եթե նրանք ուղղակի երկարացնեն իրենց լիազորությունները՝ օրինական կամ անօրինական կերպով: Ուստի, սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի և Աթամբաևի համար դիտարկվում են որպես իշխանությունը պահելու միջոց»: