Ընտրողները իրազեկման ծրարներ չեն ստացել
Թիվ մեկ ընտրատարածքի ընտրողներն այս ընտրություններին որեւէ ծանուցում չստացան այն մասին, թե որ ընտրատեղամասում են ընտրելու: Նախորդ ընտրություններին ծանուցումը ծրարով ստանում էին ՀՀ ոստիկանությունից: Այս անգամ իրազեկում եղավ, սակայն այսօր՝ վաղ առավոտյան, այն էլ ՀՀԿ շտաբի անդամների կողմից: Բացի այդ, հասնելով նոր ընտրատեղամաս, ոչ դռան վրա, ոչ պատուհաններին չկար որեւէ ցուցանակ այն մասին, թե որ ընտրատեղամասն է: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք, ինչպես ամեն տարի, ընտրողների ցուցակներն ուղարկում են Հայփոստ, որն էլ պետք է իրազեկումը պատշաճ կարգով առաքի բնակիչներին: Թե ինչու դա տեղի չի ունեցել, պարոն Բիչախչյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ իրենք իրենց գործառույթները կատարել են, բացի այդ, ընտրողների բոլոր ցուցակները հրապարակված են նաեւ իրենց կայքում: Հայփոստին, իր գործառույթները չկատարելու համար որեւէ պատասխանատվություն չի նախատեսված: Զանգահարեցինք «Հայփոստ», սակայն մեզ պատասխանեց ինքնապատասխանիչը՝ տեղեկացնելով, որ իրենք աշխատում են երկուշաբթիից ուրբաթ: Ստացվում է, ընտրողը իր ընտրատեղամասի փոփոխության մասին կարող է տեղեկանալ միայն համացանցից, նախապես իմանալով, թե որ կայքեր պետք է այցելի: Իսկ ընտրատեղամասի մասին տեղեկության բացակայությունը կարող է մեկնաբանել միայն ԿԸՀ-ն: