Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սթիվ Վոզնյակը, Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը Լևոն Զուրաբյանին խոստումներ են տվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon-zurabyan-1

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատեց անցկացված քարոզարշավն ու նշեց, թե ինչ արդյունքների են հասել. «Մեր ժողովրդին հասցրինք խաղաղության ծրագրի գլխավոր դրույթները, եւ ժողովուրդը հիմնականում դրանք ընդունել է։ Այս կարեւորագույն հարցին զուգահեռ կա մրցակից եւս մեկ հարց` ընտրակաշառքը։ Մենք հասել ենք նրան, որ մարդիկ արդեն հասկանում են, որ մենք ցանկանում ենք վերադարձնել սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ։ Մենք սառույցը կոտրել ենք, այն թեման, որ համարվում էր տարիներ շարունակ տաբու, կարողացանք քանդել, դարձել է բանավեճերի գերիշխող թեմա, ու դա ընտրություններին ի նպաստ մեր թիմի կլինի: Սեւ ու սպիտակի է հասարակությունը բաժանվել` մի մասը կողմ է, մյուս մասը` ոչ, խաղաղության ծրագրին»: Գործարարներին, անհատական ներդրումներ կատարած մարդկանց նա շնորհակալություն հայտնեց` իրենց աջակցելու համար։  Այս ընթացքում, ըստ նրա, պարզ դարձավ, թե ով է իրական ընդդիմությունը, որը չի գնացել Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիաների, եւ, ըստ այդմ, ընտրողները հեշտությամբ կողմնորոշվեն ընտրության օրը։  Նա նաեւ անդրադարձավ ընտրությունների օրը` որպես ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակի օր, հարցին` հիշեցնելով, որ իրենք դեմ են եղել այդ օրը անցկացնել ընտրություններ. «Անգամ զոհվածների ծնողների կողմից հայտարարություն հնչեց, որ ցանկանում են բոյկոտել ընտրությունները։ Մենք կոչ ենք անում ծնողներին` չգնալ այդ քայլին, քանի որ դա մեծ նվերն է, կարող են անել հանցավոր այս ռեժիմին»: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ վաղը` ժամը 13:00-ին այցելելու են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու։ Ըստ նրա` եթե ընտրությունները աղճատված չլինեին, ապա Կոնգրես-ՀԺԿ դաշինքը առաջին տեղում կլիներ, սակայն այս պայմաններում հաշվի պետք է նստել վարչական ռեսուրսի​ ու կաշառքի չափի հետ` հայտնի լեյտենանտ Շմիդտի կոնվենցիայով։  Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից հնչող ներդրումների ծավալների մասին` Լեւոն Զուրաբյանը հեգնանքով նկատեց. «1000 ու մի գիշերի մոտիվներով Շահրազադեի հեքիաթների մակարդակն է։ Ժամանակն է` մենք էլ մեր քարտերը բացենք։ Այն օրը Սթիվ Վոզնյակը, Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, որոնք իմ շատ մտերիմ ընկերներն են, մեր հաղթանակի դեպքում խոստանում են սիլիկոնե վալեն տեղափոխեն ՀՀ, եւ այդ ներդրումները կազմելու են 100 մլրդ դոլար»:  Հետընտրական զարգացումների մասին նա չցանկացավ շատ խոսել` նշելով, որ այդպիսով թերահավատություն է սերմանվում եւ պարտվողական տրամադրություն, մինչդեռ իրենց նախաձեռնությամբ ներդրված ընտրական մեխանիզմներով իրենք դեռ կռիվ ունեն անելու։ Ինչ վերաբերում է 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հարցի վերաբերյալ ԿԸՀ որոշմանը, ապա պարոն Զուրաբյանը նշեց, որ ԿԸՀ պետք է դատարան դիմեր` ՀՀԿ գործունեությունը դադարեցնելու հայցով, ինչը չի արել. «Արդյունքում ԿԸՀ-ն ապօրինի քայլ է կատարել իր անգործությամբ, ջրել է հարցը»։  Նա խոսեց նաեւ ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, այժմ Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատության, հատկապես այն հատվածի մասին, թե 2008-2012թթ. համաժողովրդական շարժման ժամանակ ՀՀ առաջին նախագահը այսօրվա դիրքորոշումը չի հայտնել. «Նախ թող նա պարկեշտության դասեր չտա ՀՀ առաջին նախագահին, եւ հետո` Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակահատվածի իր բոլոր ելույթներում հաստատել է դեռ 1997թ. Արցախի վերաբերյալ իր մոտեցումները։ Միգուցե այդ մարդիկ ուշադիր չեն եղել այդ ժամանակ, էյֆորիա էր շարժման ժամանակ, սակայն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծավալուն մի հոդվածով, որտեղ իր հիացմունքն էր հայտնել` գրելով` Տեր-Պետրոսյանը մի թարս խասյաթ ունի` միշտ ճիշտ է դուրս գալիս»: