Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք թքած ունեն քո վրա, քո կալանավորի վրա»

Քաղաքականություն
Sari-tax-or-2

Երեկվանից դատախազության դիմաց նստացույցը անող Սարի թաղի բնակիչներին որեւէ  պաշտոնյա չի մոտեցել: «Ուզում ես ձյան մեջ նստի, ուզում ես անձրեւին նստի, միեւնույնն է, նրանք անտարբեր են, իրենք թքած ունեն քո վրա, քո կալանավորի վրա »,- ասում է կալանավորված Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը: Սարի թաղի բնակիչները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են նախորդ տարվա  հուլիսյան դեպքերից հետո՝   իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու մեղադրանքով։  Նրանք պնդում են, որ ոստիկաններն են հրահրել բախումները։ «Ոչ մեկին վնաս չեն տվել այդ գործողությունների արդյունքում, պարզապես խառնաշփոթ է եղել այնտեղ եւ իրենք մեղավոր չեն: Եթե անգամ մի քար են գցել, չեմ կարծում, որ դրա համար 5-10 տարի կարելի է հոդված դնել: Ոստիկանները հրացանները հանել են, իրենք էլ խուճապի են մատնվել: Եթե գնային կռվելու համար, դատարկ ձեռքով առանց որեւէ փայտի կամ բանի չէին գնա: Նրանք գնացել էին կոմունալ խնդիրները լուծելու համար»,-ավելացնում է Հրաչյա Բոյաջյանի տատիկը՝ Աղավնի Ժամկոչյանը:  Արդեն 5 օր հացադուլի մեջ գտնող Էդուարդ Զեյթունյանն  այսօր դիմում է գրել հացադուլից դուրս գալու համար,  նրա վիճակը վատացել է. «Իրեն տարել են հետազոտման: Ասել են, որ ողնաշարիդ դիսկերն են ահավոր վատ վիճակի մեջ եւ թոքերն եւ բրոնխներն են վատ վիճակում»,- նշում է նրա կինը՝ Լալա Բեռնեցյանը: Սարի թաղցիները  պահանջում են վերանայել  առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել 10  կալանավորվածներին։