Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նորմալ է, բոլորն էլ այդպես են անում». Ս. Ավետիսյանը՝ ցուցակագրումների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
konj

«Ելք»-ը այն քաղաքական ուժն է, որը կարող է բերել փոփոխություններ թե իր ծրագրով եւ թե իր թիմով. վստահեցնում է դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը. «Քարոզարշավի ընթացքը հուսադրող է, ավելի բարձր գիտակցություն ունեն մարդիկ,քան նախկինում: Հիմա մարդիկ տեսնում են ամեն ինչ: Մեր շանսերը բարձր եմ գնահատում, հուսով ենք կմոբիլիզացնենք մարդկանց, որոնք ուզում են ձայն տալ հանուն  փոփոխությունների»: ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանն էլ  իրենց շանսերը նորմալ գնահատելով վստահ է, որ իր կուսակցությունը հաջողություն կունենա. «Կարծում եմ՝ հենց առաջին փուլում էլ մեծամասնությամբ կանցնենք»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպես են թեկնածուները վերաբերվում օրեր առաջ հրապարակված  ուսուցիչների ձայնագրություններին, որտեղ նրանք ակամա խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար մարդկանց են հավաքագրել, ՀՀԿ- ական Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Երեւի շատերը տեղյակ չեն ՀՀԿ –ի կուսակցական կառուցվածքից, եթե իմանային, սկանդալային չէին որակի: Ես ղեկավարում եմ ՀՀԿ Շիրակի մարզի Գյումրիի երկու կառույցը, եւ այդ կառույցը լոկ ձեւական չէ: Դպրոցի տնօրեն Ղազարյան Արթուրը ասում է՝ Սուքիաս Ավետիսյանին է տվել ցուցակը, բա էլ ո՞ւմ պետք ա տար, ես կզարմանայի, որ ուրիշին տար: Նա դպրոցի տնօրեն լինելուց առաջ մեր կուսակցության անդամ է ու կառույցի աշխատակից,  նա պետք է ցուցակագրեր ՀՀԿ-ականներին, նրանց մեջ կարող են լինել եւ ուսուցիչներ եւ ծնողներ: Նրանք էլ ազատ քաղաքացի են ու կարող են լինել կուսակցական»: «Ելք»-ի պատգամավորության թեկնածուն այս ամենը նորմալ երեւույթ չի համարում: Ըստ նրա՝ տնօրենները չարաշահել են իրենց վարչական ռեսուրսը. «Կարեն Կարապետյանի դեպքով ու LoveArmenia գրածներով ասում են ամեն ինչ այլ է, բայց հիմա փաստ է, որ ոչինչ չի փոխվել, բոլոր մեթոդները ՀՀԿ-ի մնացել են նույնը։ Ինչպես իրենք եկել են իշխանության, այնպես էլ փորձում են պահել այդ իշխանությունը: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե նրանք նորից գան, ոչինչ երկրում չի փոխվելու»: ՀՀԿ- ականը հակադարձեց. «Շատ կուսակցություններ ու դաշինքներ կան, որ նոր են ստեղծվել ու չգիտեն, թե  ինչ է քաղաքագիտական իմաստով կուսակցությունը ու չեն էլ պատկերացնում՝ ոնց է ամեն ինչ արվում»: «Ա1+»-ի ճշտմանը, թե այդ դեպքում ինչպես է, որ Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը ասել էր, որ բոլորին վախեցրել են եւ ամեն ինչ նորմալ է լինելու, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Եթե ասում է վախեցրել ենք, թող իմանան՝ ո՞ւմ են վախեցրել, ինչի՞ համար: Ես իմ համար եմ ասում, նորմալ է, որ այդպես է եղել, ու բոլոր կուսակցություններն էլ այդպես են անում»: