Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Քարակերտում է. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
kar-1

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը քարոզչական հերթական օրն սկսում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից։ Եթե ընտրություններից հետո իրենք իշխանության գան, քաղաքացիները դրական փոփոխություններ են զգալու ամեն օր` խոստանում է դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը. «Իսկ դրա համար իշխանության գլուխ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են երկիրն այս ծանր վիճակից դուրս բերել։ Իշխանափոխությունից հետո երկրում կարելի է շատ արագ վիճակ փոխել»,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարարը։ Սեյրան Օհանյանն ուզում է  բանակի համար ամուր թիկունք ստեղծել, իսկ դա, ըստ նրա, ռազմական անվտանգությունից բացի, այլ ճյուղերն են՝ տնտեսություն, կրթություն, առողջապահություն և այլն. «Դրա համար մենք ազգովի աշխատանք պետք է տանենք»։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հատուկ ծրագրեր ունի նաև ազատամարտիկների համար՝ բարձրացնելու նրանց դերը, հասարակության վերաբերմունքը փոխել նրանց նկատմամբ. «Բացի դրանից մենք մեր զինծառայողների բնակարանային ապահովման խնդիրն արագ լուծելու ենք։ Մենք ունենք 2000 ազատամարտիկներ, որոնք բնակարանային հերթացուցակում են գտնվում»։ Դաշինքի ծրագրերում է նաև գյուղատնտեսության զարգացումը. «Այս տարածաշրջանը կարող է յուրատեսակ շտեմարան դառնալ մեր երկրի համար»,- քարակերտցիներին ասում է Սեյրան Օհանյանը։ Այս ամենն իրականացնելու համար իշխանափոխություն է պետք` համոզված է Սեյրան Օհանյանը, ով նաև պնդում է՝ իրենք որևէ մեկի նկատմամբ որևէ խնդիր չունեն. «Մեզ համար կարևոր է, որ ստեղծվի կառավարման այն համակարգը, որ ճիշտ ուղով կտանի մեր երկիրը»։ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջնորդները եղել են իշխանության մեջ և լավ են տեղյակ առկա թերությունների մասին։ Հենց դա ամենակարևոր գործոնն է խնդիրները լուծելու համար. «Մենք պետք է հեռանկարային մտածելակերպ ձևավորենք, ծրագրեր իրականացնենք, բացի այդ, մենք պետք է գաղափարական աշխատանք տանենք քաղաքացիների հետ»,- ասում է  Սեյրան Օհանյանը։ Իրենց ամենամեծ արժանիքը հաշվետվողականությունն է լինելու։ Ժողովուրդը միշտ է արձանագրում՝ ընտրություններից առաջ պատգամավորները գալիս-գնում են, բայց դրանից հետո գրեթե չեն երևում. «Տարին գոնե երկու անգամ յուրաքանչյուր տարածաշրջանում գտնվելու ենք նրա համար, որ դուք մեզ հարց տաք՝ ի՞նչ եք արել այս մեկ տարվա ընթացքում»,- քարակերտցիներին խոստացավ Սեյրան Օհանյանը։