Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդուարդ Շարմազանովը եւ նրանց թիմը պետք է ներողություն խնդրի». Լ. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
425fe948411c236608ce381e7aa6d61d

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի շտաբի ղեկավար, պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպումը սկսեց խաղաղության մաղթանքով. «Սա պատահական չեմ ասում, քանի որ մարդկանց հետ մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մեր խաղաղության ծրագիրը ծավալվում է։ Մեր կարծիքով` ՀՀ-ն պետք է ընդունի միջազգային հանրության առաջարկած բալանսավորված պլանը` Արցախի հիմնախնդրի կարգավորման առումով։ Թվում էր` այս պլանը դժվար է ընդունվելու, երբ տասնյակ տարիներ իշխանությունները հասարակության ուղեղների լվացմամբ են զբաղվել։ Ես շատ էի ուրախանում, երբ հանդիպում էի բիզնեսների, զինվորների ծնողների, որոնք ասացին, որ հենց սա է խաղաղության բանալին։ Մեր կողմնակիցն են թե մեծահասակները, թե երիտասարդությունը»: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, ըստ նրա, ուղղակի փոթորկեց հասարակությանը եւ դրական արձագանքներ ունեցավ.«Անկախ ընտրությունների արդյունքների, պատմությունը կապացուցի, որ մենք ճիշտ էինք։ Ընտրություններն ընդամենը միջոց են։ Խաղաղության այս ծրագիրը պետք է լինի գործոն»: Նա անդրադարձավ այս հարցազրույցի` ընդդիմադիրներին, մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն մտքին, թե շոյված է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գործող իշխանությանը լեգիտիմ է համարում.«ՀՀ առաջին նախագահը տեսական միտք է արտահայտել, ու Շարմազանովը սխալվում է, եթե կարծում է, թե Տեր-Պետրոսյանը լեգիտիմացրել է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Թող Շարմազանովը շատ չհրճվի, նաեւ իր արած գովասանքներն իրեն պահի, քանի որ դրանք միայն հեղինակությանը վնաս են հասցնում. Լեւոն Տեր-Պետրոսյանը մի սանտիմետր անգամ հետ չի կանգնել նախկինում արտահայտած իր գնահակատականներից։ Էդուարդ Շարմազանովը եւ նրանց թիմը դրա համար պետք է ներողություն խնդրի, ինչպես նաև` ժողովրդի կեղեքման ու ապաշնորհ քաղաքականության համար»: Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ ընդդիմադիր ուժերի կողմից հնչող քննադատությանը.«Մենք տեսել ենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ կոնկրետ արշավ է սկսել, երբ խոսում են ձայների փոշիացման մասին։ Դա նշանակում է, որ ի դեմս մեզ նրանք վտանգ են տեսնում` մենք թիրախավորում ենք իշխանություններին, նրանք` մեզ։ ՀՀ-ում գոյություն ունի միայն մեկ փոշիացում` ՀՀ եւ Արցախի, այլ ոչ թե ընտրություններին ձայների, քվեների. դա պրիմիտիվ մարտավարություն է նրանց կողմից»: Պարոն Զուրաբյանը վստահեցրեց` ՀՀԿ հետ իրենք անհամատեղելի են ու կոալիցիայի մեջ ՀՀԿ հետ երբեք չեն մտնի. «Եթե իշխանությունները գնան խաղաղության իրականացման ծրագրով, ապա մեր կողմից կլինի հանրային աջակցություն»:  Նա նշեց, որ մասնակից 9 ուժից 5-ը ընտրակաշառք է բաժանում, սակայն նա հրաժարվեց ասել, թե ովքեր​ են նրանք, քանի որ բոլորն էլ գիտեն այդ մասին. «Դիմում եմ ժողովրդին` ով մոտենում է ձեզ ընտրակաշառք առաջարկելու, ջնջեք ձեր մտքից, քանի որ նրանք երկրի թշնամին են։ Սա նման է մկան թակարդին»: Պարոն Զուրաբյանը հայտարարեց, որ մարտի 29-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաք, որը կվերածվի խաղաղության երթի։