«Չի կարելի ամեն ինչ գրել՝ ինչ գույնի զգեստ հագա, որ խանութը մտա» (տեսանյութ)
Այսօր Սպառողների միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արման Մուրադյանը նշեց, որ սպառողների մեծ մասն օգտվում է սոցցանցերից կամ առցանց գնումներ է կատարում, ուստի այս առումով կարևոր է պահպանել անվտանգությունը: «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ համացանցը որքան օգտակար է, այնքան էլ վտանգավոր, որովհետև ինչքան տեխնիկան զարգանում է, այնքան շատ են հաքերները մտածում, թե ինչպես վնասեն օգտատերերին: «Չի կարելի ամեն ինչ գրել՝ ինչ գույնի զգեստ հագա, որ խանութը մտա և այլն»,-ասաց նա: Ասուլիսին ներկա՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Ռուբեն Հայթայանն էլ ներկայացրեց մեկ տարվա կտրվածքով իրենց դիտարկումները, որոնք իրականացվել են 1500-ից ավելի առևտրային կազմակերպություններում: Նա ուրախությամբ փաստեց, թե վերջապես իրենց հորդորները տեղ են հասել. «Մեր ճնշումները իշխանությունների և արտադրողի վրա դրական պտուղներ են տալիս: Հասել ենք նրան, որ հացի արտադրության ոլորտում 10-15 տոկոսը մակնշվում է, մինչդեռ 4-5 տարի առաջ հացի վրա մակնշում ընդհանրապես չկար: Առաջին անգամ մի խանութում տեսանք նաև մեր պահանջած՝ 10 պարամետրերով մակնշված հաց»: Ըստ պարոն Հայթայանի՝ սպառողների 40-50 տոկոսն իր իրավունքների նկատմամբ պահանջատեր է. «Պետք է նշեմ, որ տարիքով կանայք ավելի հետևողական են, քան երիտասարդները, որոնք ավելի կրթված են և տեղեկացված իրենց իրավունքներից»: