Ժիրայր Դադասյանը 114 քմ մակերեսով բնակարան կստանա քաղաքապետարանից
Երեւանի ավագանին մարտի 17-ին կայանալիք նիստում որոշելու է թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը համարվող Լեոյի փողոցի հ.1 շենքի հ.106՝ 114.5 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանին: Ըստ տեղեկանք- հիմնավորման՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տվյալների համաձայն՝ Ժիրայր Դադասյանի անվամբ Երևան քաղաքի Մայակ թաղամասի հ.77/17 բնակելի տան նկատմամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականություն: Նշված անշարժ գույքը վերջինս ձեռք է բերել 2013 թվականին առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով՝ մինչև 2026 թվականը գույքի գումարը վճարելու պայմանով, սակայն ներկայումս հնարավորություն չունենալով վճարելու բանկի հետ կնքված պայմանագրով նախատեսված գումարը՝ գույքը ներկայացվել է վաճառքի: Նշված բնակելի տանը առկա չեն բնակության համար անհրաժեշտ մինիմալ պայմաններ եւ ներկայումս փաստացի բնակության համար պիտանի չէ: Ըստ հիմնավորման՝ վաստակաշատ բեմադրող ռեժիսորը մշտապես բնակվելով Երևանում, ցավոք, ունի բնակարանային պայմանների խիստ կարիք։