Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. «Մեր ընտանիքում մարտի ութը միշտ նշվում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
lyudmila

  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտանիքում մարտի ութը սկսվել է խաղաղության, երջանկության բարեմաղթանքներով: «Անշուշտ երկար ճառ չասաց,  ուղղակի սա մեր ընտանիքում միշտ նշվում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ սիրում է կանանց՝ շատ սիրում է ինձ, իր թոռնուհուն՝ Լյուսյային, դրա համար առաջին շնորհավորանքները մենք ստացել ենք մեր պապիկից ու ամուսնուց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Կոնգրես-ՀԺԿ Դաշինքը մարտի ութը նշեց Կանայք հանուն Խաղաղության խորագրի ներքո, որին մասնակցում էին դաշինքի պատգամավորության կին թեկնածուները: Մարտի ութը նաեւ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է: «Դպրոցական հասակից ամաչում էի, որ այս օրն եմ ծնվել. գիտեի՝ ամոթ է հետո, երբ հասունացա, հասկացա՝ դա մի հրաշք առավելություն է, դա մի Աստծու տված նվեր էր»,- ժպիտով ավելացրեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը Մարտի ութը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության օր, տոների ցանկից հանվեց 1990-ականներին՝ ՀՀՇ իշխանության օրոք: «Մենք սխալ քայլ ենք արել, ես հիմա դա ընդունում եմ ամբողջությամբ: Այս իշխանությունները ինչ-որ բան արել են՝ մեզնից հետո մարտի ութը վերականգնել են: Սա իսկապես ժողովրդական տոն է: Միգուցե մարտի ութի տոնը քաղաքականապես խախուդ էր, իսկ ապրիլի 7-ը պատմականորեն ավելի խորը հիմք ուներ, մեկ է՝ արդյունքում ստացվեց մեկամսյակ»,- նկատեց Արամ Մանուկյանը:  Դաշինքի ցուցակը գլխավորող առաջնորդները նաեւ ծաղիկներ բաժանեցին ներկա կանանց՝ նշելով՝ 1988թ. Շարժումը չէր կարող այդքան հզոր լինել, եթե առաջատարը եւ հիմնական խաղացողները չլինեին կանայք: «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են մարտի ութին շնորհավորում կանանց. մարտի ութին պետք է շնորհավորել մեզ, որ մենք վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը դուք եք՝ մեր կանայք»,- հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Լեւոն Զուրաբյանը: «ՀԺԿ-ի, ՀԱԿ-ի կանայք միշտ շատ ակտիվ են եղել, եւ նույնիսկ անձնազոհաբար պայքարել են հանուն արդարության»,- ավելացրեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը:  Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կարգախոսն է՝ «Խաղաղություն», եւ դա դաշինքի  ներկայացուցիչները պատահական չեն համարում՝ իրենց համամասնական ցուցակի ավելին քան 50 տոկոսը կանայք են, իսկ կինը, մայրը միշտ ձգտել են խաղաղության, եղել են խաղաղության խորհրդանիշը: