ՀՅԴ ներկայացուցիչ. «Պատրաստ ենք համագործակցել նույնիսկ սատանայի հետ» (տեսանյութ)
Ապագա խորհրդարանում Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թիվ 2 ընտրատարածքում Դաշնակցությունից վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Ղազարյանը։ «Ժամանակին Դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Վրացյանն էր ասում, որ հանուն պետականության, հայրենիքի եւ հանուն ազգային անվտանգության, ազգային շահի կարելի է նույնիսկ սատանայի հետ համագործակցել։ Կարծեք թե այս պատգամը մեր օրերում արդի է»։ «Արդի է, քանի որ արդեն համագործակցում եք, այդպես չէ՞»,- արձագանքեց նույն ընտրատարածքում «Ելք» դաշինքից առաջադրված Վիկտոր Ենգիբարյանը։ «Ելքի» ներկայացուցիչն անդրադառնալով իրենց նախընտրական պաստառների պատռմանն ասաց, որ իրենք նախատեսում են մեծ վահանակներ տեղադրել, որոնք պատռելն այլեւս հնարավոր չի լինի։ Դաշնակցության ներկայացուցիչը խոսեց իրենց նախընտրական ծրագրի մասին՝ ընդգծելով, որ քարոզարշավի ընթացքում միշտ էլ բոլոր ուժերը տարատեսակ բարի խոստումներ են տվել, հեքիաթներ են հրամցրել, սակայն Դաշնակցության ծրագիրը ավելի իրատեսական է, պրագմատիկ է եւ իրագործելի։ Անդրադառնալով իրենց հնարավորություններին՝ Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ թիվ 2 ընտրատարածքում առաջադրված շատ թեկնածուներ հայտնի են փող բաժանելով։ «Ես առաջին անգամ նրանց մասին լսել, կարդացել եւ ճանաչել եմ փող բաժանելով, իսկ ինձ հաստատ ապօրինի գործունեությամբ չէ, որ ճանաչում են»։ Արթուր Ղազարյանն ասաց, որ իրենք եւս շրջապատից ու համայնքից կտրված չեն։ «Հարազատներ ունենք, բարեկամներ, բացի այդ, գործի բնույթ կա; Բարդ ընտրատարածք է մեզ բաժին հասել, քանի որ եթե կան ընտրատարածք, որտեղ նույն կուսակցության ներկայացուցիչներ խնդիրներ են ունենում, դա հենց թիվ 2 ընտրատարածքն է։ Այս տեսանկյունից, թե որքանով սա կանդրադառնա մեզ վրա՝ պարզ կդառնա ընտրությունների օրը»։