Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ ուզում են կյանքի գնով հայտնվել խորհրդարանում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayq

Երկրի տնտեսությունը չի զարգանա, եթե այդ երկրում պատերազմական իրավիճակ լինի. համոզված  է Կոնգրես- ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Զոյա Թադեւոսյանը: Հենց դա է պատճառը, որ դաշինքը կարգախոս է ընտրել խաղաղությունը. «Խաղաղությունն այն հնարավորությունն է, որ կթողնի երկրին  զարգանալ: Երբ տնտեսությունը ծանր վիճակում է, վերջին տասը տարիներին Հայաստանից արտահոսել է 10 միլիարդ դոլար, 500 հազար մարդ է արտագաղթել, չի կարող ամեն ինչ լավ լինել»,- նշեց տիկին Թադեւոսյանը՝ հավելելով, որ դաշինքի գլխավոր նպատակը կլինի հենց  պատերազմական վիճակը դադարեցնելը. «Միայն խաղաղության հասնելուց հետո մենք կարող ենք հասնել նրան, որ պետությունում արժեք լինի գրագետ, կիրթ մարդը, իսկ դրանից հետո այն մարդիկ , որոնք թալանել են մեր երկիրը 1991 թվականից սկսած, պետք է պատասխան տան, իրենց հարստությունը պետք է առգրավվի ու վերադարձվի պետությանը»: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը նշում է, որ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, միանալով եւ դաշինք կազմելով, նպատակ ունեն երկիրը հանել խայտառակ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից. «Մենք նպատակ ենք դրել երբեք չքննադատել որեւէ ընդդիմադիր կուսակցության կամ դաշինքի: Միակ թիրախը ՀՀԿ-ն է, որի քաղաքականության մեղքով է տարեկան 50 000 մարդ լքել երկիրը, իսկ 10 մլրդ դոլարը դուրս է եկել երկրից: Ի սկզբանե ասում ենք, որ բացառում ենք որեւէ համագործակցություն եւ դաշինք` ՀՀԿ-ի հետ, մենք խաղեր տալու համար չենք եկել, այլ ուզում ենք իրականացնել մեր ռեալիստական ծրագիրը, որը մարդակենտրոն է»,- նշեց նա: ՀՎԿ պատգամավորության թեկնածու  Մարիաննա  Ֆրունջյանի կարծիքով՝ խորհրդարանում պետք է քաղաքակիրթ էլիտա  ձեւավորվի: Այս կարծիքը հայտնելու ընթացքում ՕՐՕ դաշինքի  ներկայացուցիչը արձագանքեց. «Այլեւս աչքերը չե՞ն հանելու» (նա նկատի ուներ ՀՎԿ-ական Հեղինե Բիշարյանի արտահայտությունը, թե մատով աչքերը կհանի այն մարդկանց, որոնք ՀՎԿ-ի հասցեին վատ բան կասեն-խմբ.): Մարիաննա Ֆրունջյանն արդարացավ, թե ժողովրդական ասացվածքների օգտագործումը նորմալ է. «Մարդը իր գործով է ագրեսիան ցույց տալիս, ոչ թե խոսալով , եթե դուք ժեստերը  նայեք նրանց, կտեսնեք, որ  դա ագրեսիվ չի եղել, եւ ոչ էլ սպառնալիք է հնչել»: Ասուլիսի մասնակիցները սկսեցին ավելի թեժ բանավիճել, երբ հարցը հասավ բանակին. «Ինչպե՞ս կարող է հզորանալ բանակը, թալանելո՞վ»,- ասաց Կոնգրես- ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը՝ դիմելով ՕՐՕ-ի ներկայացուցիչին. «Սեյրան Օհանյանը ասել է, որ պատրաստ է կանգնել արդար դատարանի առաջ, որովհետեւ նա համոզված է, որ մեղավոր չէ, բայց դրա համար նախ պետք է արդար դատարան ստեղծենք»,- նշեց Սուսաննա Մուրադյանը ու հակադարձ հարց հնչեցրեց. «Ինչո՞ւ եք ցեխ շպրտում ՕՐՕ դաշինքի վրա: Մենք ի սկզբանե բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք արել համատեղ պայքարել  ընդհանուր հրեշի դեմ, մեր հիմնական թիրախը ՀՀԿ-ն է, որի հետ երբեք չենք համագործակցելու ու դաշինք չենք կազմելու»:  Զոյա  Թադեւոսյանը  պատասխանեց. «Ոչ մեկի հետ չհամագործակցենք, թողնենք այս երկիրը գնանք, վրան գրենք՝ ժամանակավոր կացարա՞ն»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք  այս անգամ  հույս ունեն ընդդիմադիր  գործիչները, որ ընտրությունները արդար կանցնեն, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ընտրակեղծիքների դեմ պայքարելու եւ արդար ընտրություններ ունենալու համար միասնական շտաբ է պետք ունենալ եւ կենտրոնացնել ուժերը տեղամասերում: Դրսում արդեն ժողովրդին փչացրել են, ժողովրդի ծայրահեղ ծանր վիճակը արդարացնում է հանգանակությունների ընդունումը, որը պետականության կործանման սկիզբ է, մենք փչացրել ենք մեր ժողովրդին, ուրեմն եկեք միասին պայքարենք դրա դեմ, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտենք»: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ  կարծիք հայտնեց, որ եթե երկիրը կուսակցական-քաղաքական համակարգով նորմալ օրգանիզմ չունի, անթույլատրելի է խորհրդարանական մոդելին անցնելը. «Դա է վկայում նաեւ այսօր տեղի ունեցող դանակահարություններն ու ծեծկռտուքները, մարդիկ ուզում են կյանքի գնով հայտնվել խորհրդարանում»: