Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախընտրական շրջանում մեկուսացնում են Սասնա ծռերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Yenigomhsyan-nkar

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին այսօր էլ թույլ չեն տվել տեսակցել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Ժիրայր Սեֆիլյանի հետ։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հավաստիացմամբ՝ նորից փաստաբանի նկատմամբ պահանջ է դրվել փաստաթղթերը խուզարկել, և մինչ այս պահը նա առանց խուզարկության իր պաշտպանյալների հետ տեսակցելու թույլտվություն չունի. «Սրանով իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Սասնա ծռերի մյուս տղաները քաղաքական կալանավորներ են։ Այդ խուզարկություններն արվում են, որ քաղաքական տեքստեր և փաստաթղթեր չփոխանակվեն ներսի և դրսի միջև»,- համոզված է պարոն Ենիգոմշյանը։ Նրա պնդմամբ՝ սա ցույց է տալիս իշխանության իրական դեմքը, ում նպատակը «Սասնա ծռեր» խմբի անդամներին նախընտրական շրջանում մեկուսացնելն է։ Ալեք Ենիգոմշյանը կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ օրենքի ուժով հետապնդել այս բոլոր հարցերը։ Այս պահին հատկապես մտահոգիչ է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վիճակը, ով ունի բեխտերևի հիվանդություն և կալանավորված է։ Բացի այդ՝ վերջինս նաև հացադուլի մեջ է։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ասելիք ունի նաև քաղաքական այն ուժերին, որոնք հավակնում են իրական այլընտրանք դառնալ իշխող ուժին։ Չնայած նա այս ընտրությունները խեղկատակություն ու ֆարս է համարում, բայց այնուամենայնիվ, ընդդիմադիրներից որոշակի սպասելիքներ ունի՝ մի քանի հարցերի հետ կապված դիրքորոշում հայտնելու վերաբերյալ։ «Այդ չորս հարցերը հետևյալներն են՝ 1. Ճշգրիտ և ամբողջական գնահատական ներկա ռեժիմին և մերժված համակարգին իրենց պատկերացումները, 2. Արցախի հարցի վերաբերյալ՝ կո՞ղմ են տարածքների հանձնմանը, թե՞՝ ոչ. 3. Հստակ դիրքորոշում՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման և ապագաղութացման վերաբերյալ, 4. Սասնա ծռերի քաղբանտարկյալների և Արթուր Սարգսյանի վիճակի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը։ Նրա պնդմամբ՝ եթե տվյալ հարցերի նկատմամբ քաղաքական ուժերի կողմից չկան հստակ դիրքորոշումներ, ուրեմն համակարգի մասին հայտարարությունները «շատ կասկածելի են դառնում»։ Ալեք Ենիգոմշյանին չի բավարարի սրանցից միայն մեկի վերաբերյալ «կիսատ-պռատ» հայտարարություններ անելը։ Իսկ եթե ընտրությունների գնացող քաղաքական ուժերից որևէ մեկը հանձն առնի այս օրակարգն ընդունել և դրանով շարժվել, իրենց կողմից որոշակի գնահատականի կարժանանա. «Մենք կգնահատենք այդ դիրքորոշումը։ Այս պահին մեր կողմից ճիշտ չէ ասել, թե ինչ կլինի դրանից հետո, որովհետև մենք այդ պահին չենք հասել»։ Նա նաև հավելեց՝ քաղաքական ուժերի նպատակը պետք է չլինի իրենց գոհացնելը, այլ հայտարարությունները պետք է լինեն սկզբունքային մոտեցումներ։