Գագիկ Ծառուկյանն ընտրվեց ԲՀԿ նախագահ (տեսանյութ)
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց ԲՀԿ 9-րդ հերթական համագումարը, որին 2116 պատվիրակից գրանցվել է 2035-ը։ Համագումարը վարում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ներս մտավ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ։ Բոլորը հոտնկայս ծափահարում էին։ Գագիկ Ծառուկյանը նստեց ոչ թե առաջին շարքերում, այլ՝ վերջին։ Ելույթ ունեցան Իշխան Զաքարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս իր ելույթում շնորհակալություն հայտնեց կուսակիցներին, որ հավատարիմ մնացին` հավատալով այս օրվան. «Առաջիկա ԱԺ ընտրությունները կարեւոր են լինելու, նրա քաղաքական արժեքը շատ բարձր է լինելու։ Պարոն Ծառուկյան, մենք կիսում ենք ձեր մեծ պատասխանատվությունը, եւ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կդարձնենք նո պասարան»: Գագիկ Ծառուկյանը ընտրվեց կուսակցության եւ քաղաքական խորհրդի նախագահ։