ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել
Պետական պարտքի մակարդակը ցանկացած երկրի տնտեսական համակարգը բնութագրող ամենահիմնական ցուցանիշներից է: Պետական պարտքի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ազդում է ողջ հասարակության ներկա և ապագա բարեկեցության վրա, քանզի պետական պարտքի մարման պարտավորությունը դրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա: Այս առումով, հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ պետական պարտքը 2016թ. ընթացքում: ՀՀ պետական պարտքի դինամիկան Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2016թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 5.93 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 5.07 մլրդ դոլարի համեմատությամբ: Սա նշանակում է, որ 2016թ. ընթացքում ՀՀ պետական պարտքը ավելացել է մոտ 900 մլն դոլարով կամ 16,9%-ով: Հետաքրքրական է, որ ՀՀ նոր ձևավորված կառավարության օրոք՝ 2016թ. սեպտեմբերի 30-ից, ՀՀ պետական պարտքը աճել է մոտ 373 մլն դոլարով: 2016թ. ավարտին ՀՀ պետական պարտքի կազմում արտաքին պետական պարտքի մասնաբաժինը կազմել է 80.85%: ՀՀ արտաքին պարտքը այժմ կազմում է 4.79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 4.32 մլրդ դոլարի համեմատությամբ: ՀՀ պետական պարտքի մակարդակը (մլրդ դոլար) Ինչպես երևում է գծապատկերից, ՀՀ արտաքին պարտքը վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով: Այս առումով, հաճախ շրջանառվում է այն տեսակետը, որ ՀՀ արտաքին պարտքը վտանգավոր չէ, քանզի այն ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է թույլատրելի 60%-ի շրջանակներում: Այսուամենայնիվ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ արտաքին պարտքի վտանգավորությունը գնահատելու կարևորագույն ցուցանիշը պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունն է, քանզի պետական պարտքը սպասարկելու համար արտարժութային միջոցներ հնարավոր է ստանալ արտահանման ճանապարհով: Իսկ այդ ցուցանիշով ՀՀ արտաքին պարտքը վաղուց գերազանցել է կայունության շեմը. 2016թ. ՀՀ արտաքին պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունը կազմել է 295% ` թույլատրելի 200%-ի համեմատությամբ: ՀՀ արտաքին պարտքի ծավալային մեծացմանը զուգահեռ «թանկացել» է նաև դրա սպասարկումը. եթե 2015թ. ավարտին ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կազմում էր 4.5%, ապա 2016թ. ավարտին այն կազմել է 4.9%: Հավելենք, որ եթե 2016թ. պետական պարտքի սպասարկման մասնաբաժինը պետական բյուջեում կազմում էր 7.2%, ապա 2017թ. այդ ցուցանիշը կկազմի 8.8%: ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքը ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքում միջազգային կազմակերպություններից ստացված վարկերը կազմում են շուրջ 84%: 2016թ. ավարտին ՀՀ խոշորագույն վարկատու է հանդիսացել Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA), որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի 32.6%-ը: ՀՀ խոշորագույն վարկատուներից են նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (17.7%), Ասիական զարգացման բանկը (14.9%), ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (3.8 %): 2016թ. ընթացքում ՀՀ արտաքին պարտքը ավելացել է մոտ կես միլիարդ դոլարով: Ստորև ներկայացված են 2016թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից հաստատված ամենախոշոր վարկային ծրագրերը.
- Նախորդ տարում 115 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ՝ Վեդու ջրամբարի կառուցման և Զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:
- 51 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի շինարարության նպատակով:
- 135 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ՝ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման և զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:
- 20 մլն եվրո արժողությամբ վարկային փաթեթ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում տարածաշրջանային աղբավայր ստեղծելու և Գյումրու քաղաքային ճանապարհները բարեկարգելու նպատակով:
- 134 մլն եվրո արժողությամբ վարկային պայամանագիր է ստորագրվել Ասիական զարգացման բանկի հետ Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով: