Ինչու՞ է Հայաստանը գնում անորակ Superjet-եր
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է ռուսաստանյան Sukhoi Superjet 100 քաղաքացիական օդանավերի ձեռքբերմամբ: Ինքնաթիռները, մասնավորապես, ձեռք է բերելու ստեղծվելիք հայ-ռուսական համատեղ ավիաընկերությունը: Ըստ նախարարի՝ հավանական է, որ այդ օդանավերը Հայաստան մատակարարվեն մոտ երկու տարուց։ Superjet 100 Դեռևս 2011 թվականին Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք էր բերել, իսկ ապա հրաժարվել էր Sukhoi Superjet 100-ից՝ հղում տալով դրա վատ որակի և տեխնիկական սպասարկման մեծ ծախսերի վրա: Ստեղծման օրվանից առ այսօր բազմաթիվ են եղել հաղորդումները Superjet-երի տեխնիկական խնդիրների մասին («Սուխոյ» ընկերության պատասխանատուները չեն հերքում): 2016 թվականի դեկտեմբերին ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը կասեցրել էր «ԻրԱերո»-ի 6 Superjet-երի շահագործումը և պարտադրել էր «Սուխոյ» ընկերությանը ստուգել ոչ միայն այդ 6, այլ շահագործման մեջ գտնվող բոլոր Superjet 100-ները: Անցած տարեվերջին «Աերոֆլոտ»-ը մի քանի չվերթ չեղարկեց օդանավերի խնդիրների հետևանքով, իսկ այս տարվա հունվարին «Յակուտիա» ընկերությունն իր չորս Superjet-ից երկուսի մոտ խնդիրներ հայտնաբերեց։ Ու թեև Superjet 100-ները նախագծող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» կոնցեռնը հայտարարում է, որ վերանորոգվում է այդ օդանավերի ամբողջ պարկի 20 տոկոսը, 80 տոկոսը շահագործման մեջ է, սակայն նշանակում է, որ հինգ Sukhoi Superjet 100-ներից մեկն անսարք է: Նշենք նաև, որ ռուսական այս ինքնաթիռները աչքի չեն ընկնում շուկայում բարձր պահանջարկով և դրանց գնորդների մոտ 80 տոկոսը ռուսական ավիաընկերություններ են: Գոյության ավելի քան 5 տարիների ընթացքում վաճառվել է ընդամենը 84 ինքնաթիռ, այնինչ նույն ընթացքում «Աերոբուսը» վաճառել է նույն կարգի (A318 և A319) մոտ 200, մոտավորապես նույնքան էլ արտադրվել է «Բոինգը-737»: Իսկ բրազիլական «Էմբրաեր» ընկերությունը վերջին 5 տարում նույն դասի (մոտ 100 ուղևորով Էմբրաեր 190 և 195) 5-6 անգամ ավելի շատ ինքնաթիռ է արտադրել ու վաճառել, քան ռուսական «Սուխոյը»: ԵԱՏՄ Այս ֆոնին հարց է ծագում: Եթե բոլոր ավիաընկերությունները նախընտրում են եվրոպական, ամերիկյան և անգամ բրազիլական ինքնաթիռներ, ինչու՞ է Հայաստանում քննարկվում պարբերաբար տեխնիկական խնդիրներով հայտնի և տնտեսապես ոչ այդքան ձեռնտու Sukhoi Superjet 100-ները գնելու տարբերակը։ Առավել ևս, որ շուկայում կան նաև օգտագործված Աերոբուս Ա-319-ներ, Բոինգ 373-ներ, Էմբրաեր 195-ներ և այլ օգտագործված ինքնաթիռներ, որոնք բավարարում են բոլոր (նաև եվրոպական) տեխնիկական չափանիշներին, մատչելի են ու հեշտ (նաև էժան) օգտագործվող: Ընդ որում, ի տարբերություն «Սուխոյի», օրինակ «Աերոբուսն» ունի ավելի տարողունակ ինքնաթիռներ։ Օրինակ, աշխարհահռչակ Ա-320 մոդելից ամեն տարի վաճառվում է ավելի քան 300 հատ: Հարցի պատասխանը թաքնված է ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերում: Եթե նախկինում (նախքան Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամագրվելը) Հայաստանում այս դասի ինքնաթիռները մաքսազերծվում էին 0-ական դրույքաչափով, ապա այժմ ներմուծողը պարտավոր է վճարել 18,9% մաքսատուրք: Ընդ որում, ինքնաթիռները թվարկված չեն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակավոր արտոնությունների ցուցակում և այդ դրույքաչափը ուժի մեջ է մտել արդեն 2015 թվականի հունվարից: Հենց սա է պատճառը, որ Հայաստանում գործարարները մտածում են հենց ռուսական ինքնաթիռների ձեռքբերման ուղղությամբ (իսկ Sukhoi Superjet 100-ը միակ ռուսական քաղաքացիական ինքնաթիռն է), քանի որ որևէ այլ ինքնաթիռ ձեռք բերելու համար պետք է լինելու ԵԱՏՄ բյուջե վճարել դրա գնի 18,9%-ը: Այլ կերպ ասած, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով Հայաստանի ավիափոխադրողների համար բացի անորակ Superjet-ից մնացած բոլոր ինքնաթիռները թանկացան 18,9%-ով: Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»