Կառավարությունը կորոշի՝ որ ապրանքներն են դրվելու էլեկտրոնային աճուրդի
Ծաղկաձորում Ֆինանսների նախարարության կազմակերպած «Օրենսդրական փոփոխություններ գնումների համակարգում» թեմայով սեմինարի սկզբին նախարարի տեղակալ Կարեն Թամրազյանն իր խոսքում նշեց, որ օրենքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ապրիլի 26-ից։ Ինչու որոշվեց անցնել նոր համակարգի, ըստ նրա, պատճառը գնումների համակարգի թափանցիկության ապահովումն էր, բողոքների համակարգի ներդրումը։ 2016-ին 2015-ի համեմատ գնումների մասնակիցների թիվը կրճատվել է. պատճառը էլեկտրոնային համակարգի անցնումն էր։ Բարեփոխումների մեկը այն էր, որ բողոքարկման խորհրդի անդամները կախվածություն չեն ունենալու. վարչապետը ներկայացնելու է, նախագահը` հաստատելու։ Նախարար Վարդան Արամյանը ի պատասխան լրագրողների, նշեց, որ որքան շատ է ձեւական պահանջներ դրվում գնումների մրցույթի մասնակիցների առջև, այնքան ավելի մեծ բարդություններ են ի հայտ գալիս. «Գնումների համակարգի իմաստը ցածր գնով արդյունավետ գնում իրականացնելն է։ Այն հարցին, թե պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք են հիմնականում պետական գնումների մասնակիցներն ու հաղթողները, ապա այդ պաշտոնյաներին ԶԼՄ-երը գիտեն դեսից-դենից, քանի որ ՀՀ-ն փոքր երկիր է։ Մրցույթին մասնակցելով` ընկերությունը հայտի հետ ներկայացնում է իր սեփականատերերի մասին ցանկը, որով բացահայտվում են պաշտոնատար անձանց հետ փոխկապակցվածությունը»: Եթե բացահայտվում է, որ գնումների իրականացման խորհրդի անդամն ու մասնակից ընկերության սեփականատերը փոխկապակցված են, ապա, ըստ նախարարի, այստեղ կարող է գործել ինքնաբացարկի մեխանիզմը. «Պատժամիջոցների համակարգ նաև կգործի։ Ուզում եմ ասել, որ Գնումների համակարգը բոլոր հարցերի պատասխանը չի կարող տալ. դա քննչական մարմինների գործառույթն է։ Ունենք նաեւ կանխարգելիչ միջոցներ, որ նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը` շահերի բացահայտ հայտարարագրում, սա է պայքարի միակ միջոցը»: Պետական ներքին ֆինանսական հսկողության եւ պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն իր հերթին նշեց, որ մինչեւ մեկ միլիոն դրամի գնումներն ազատ են` առանց մրցույթի, եւ կատարվում են մեկ անձից. «70 մլն դրամը չգերազանցող միանման ապրանքների գնման դեպքում գործում է էլեկտրոնային աճուրդի համակարգը, ըստ որի` որոշակի ժամանակահատվածում որոշվում է ամենացածր գին առաջարկող ընկերությունը։ Իսկ, օրինակ, շինարարական աշխատանքների դեպքում իրականացվում են մրցույթով։ Մրցույթին մեկ հաղթող է ճանաչվում` ով ավելի ցածր գին է առաջարկում»: Կառավարության որոշմամբ հաստատվելու է ցուցակ, թե որ ապրանքներն են դրվելու էլեկտրոնային աճուրդի։