Ընթերական սխալ է գրել իր ազգանունը (տեսանյութ)
Ապօրինի զենք-զինամթերքի պահելու մեջ մեղադրվող Արմեն Միքայելյանը հայտարարում է, որ ատրճանակը իրենը չէ։ Հիմնադիր խորհրդարանի անդամի պնդմամբ՝ զենքը եղել է մեքենայում, որով իրեն բերման են ենթարկել հուլիսի 26-ին՝ Խորենացի փողոցում կազմակերպված հավաքից հետո։ «Զգացի, որ մեջքիս հատվածում, ինչ-որ կոշտ բանով սեղմում են: Հարց տվեցի՝ ի՞նչ եք անում, այդ ի՞նչ է, ոչ մի պատասխան չեղավ: Հետո, երբ որ հասանք ոստիկանության բաժին, մեքենայից դուրս գալուց ինչ-որ բան ընկավ, չխկոցը դուրս եկավ, նայեցի՝ ատրճանակ էր»,- ասաց Արմեն Միքայելյանը: Այսօր Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Միքայելյանը ցուցմունք տվեց։ Նա պատմեց, որ ոստիկանության բաժնում էլեկտրականություն չի եղել, մութ աստիճաններով բարձրացել են մի քանի հարկ եւ մտել են մի այնպիսի սենյակ, որտեղ նույնպես մութ է եղել։ «Այդ ժամանակ դեմ տվեցին պատին ու զգացի, որ մեջքիս հետեը կոշտ բան դրեցին: Դրանից հետո լույսերը վառվեց, էլի շատ էին: Պրոցեսներ գնաց, բնականաբար, այդ ժամանակ ատրճանակը հանեցին դրեցին: Այդ ժամանակ տեսա, որ նույն զենքն է, ինչը որ մեքենայից ընկավ»,- պատմեց Արմեն Միքայելյանը: Ըստ ոստիկանության` նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 7 փամփուշտով։ Փորձաքննությամբ զենքի վրա հայտնաբերվել է Արմեն Միքայելյանի մատնահետքերը: «Չէր կարող իմ մատնահետքը լիներ այդ ատրճանակի վրա, քանի որ դրա հետ ես ընդհանրապես կապ չեմ ունեցել եւ հնարավորություն էլ չունեի այդ ատրճանակին դիպչելու»,- վստահեցնում է Արմեն Միքայելյանը: Այսօր դատարան էր ներկայացել գործով մյուս ընթերական: Հայտնի դարձավ, որ նա ոստիկանության արձանագրության վրա սխալ է գրել իր անձնական տվյալները, նույնիսկ ազգանունը։ Տեսանկարահանվել չցանկացող Հարություն Մեսրոպյանը պատճառաբանեց՝ թե սխալ տվյալներ է նշել՝ վախեցած ատրճանակի փաստից։ «Արձանագրությունը սահմանված կարգով չի կազմվել: Հենց սկզբից պետք է ներառվեին նաեւ ընթերականները, պարտադիր պետք է պարզվեին ընթերակաների անձը, որոնք պետք է լինեն գործով չշահագրգռված ՀՀ քաղաքացիներ: Եթե դու չես պարզում անձը, ինչպե՞ս հասկանաս՝ համապատասխանում է չափանիշներին, թե ոչ: Շտապել են, որ տեղադրված ատրճանակը, ինչ-որ կերպ հայտնաբերվի եւ դրվի սեղանին շատ արագ»,- նշեց պաշտպան Երվանդ Վարոսյանը: Դատական նիստը կշարունակվի հունվարի 30-ին: