ՀԱԿ-Խաչատուր Սուքիասյան քննարկումները կամուրջ կդառնա՞ն (տեսանյութ)
Հունվարի 15-ին ՔՊ-ն համաժողովի ձեւաչափով կկազմակերպի քվեարկություն՝ որոշելու կուսակցության համամասնական ցուցակը: Այն ներկայացվելու է նաեւ «Ելք» դաշինքին, որի անդամ է կուսակցությունը: «Ես չեմ հիշում որեւէ նման նախադեպ, առաջին անգամ ՀՀ-ում համամասնական ցուցակը որոշվելու է կուսակցության պատվիրակների ռեյտինգային քվեարկությամբ: Այսինքն, կուսակցականներն են որոշելու, թե մեր համամասնական ցուցակում առաջին տեղում ով է լինելու, 2-րդ տեղում եւ այլն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը: Ռեյտինգային քվեարկությամբ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 35 անդամ: Համամասնական ցուցակը ավելի մեծ է լինելու։ Արայիկ Հարությունյանն առաջադրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքների ընտրատարածքում: Այստեղ չի բացառվում, որ նրա մրցակիցները լինեն ՀՎԿ-ից Հեղինե Բիշարյանը, ՀՀԿ-ից՝ Սամվել Ալեքսանյանը. «Մենք հաշվի կառնենք այդ դեմքերին եւ նրանց գործելաոճը մեր առաջիկա քարոզարշավի ընթացքում: Մեր գործելաոճից է կախված, թե իրականում ընտրողն ում նախապատվությունը կտա եւ ում կհամարի իրական ընդդիմությունը դաշտում: Հեղինե Բիշարյանի կամ նրա ներկայացրած ՀՎԿ-ի պարագայում հանրությունը գիտի՝ նրանք որտեղ են եղել, ինչով են զբաղվել, երբ են եղել իշխանություն ու ինչ է եղել նրանց իշխանության տարիներին»: Նախընտրական քարոզարշավի ժամանակ հաշվի են առնվելու կոնկրետ ընտրատարածքի առանձնահատկությունները. «Մենք կշահենք, եթե կոնկրետ ասելիք ունենանք ընտրողին ու կոնկրետ լուծումներ առաջարկենք՝ չբացառելով նաեւ մեր ընդդիմախոսների, հակառակորդների քննադատությունը»: Քննարկումները այլ ուժերի հետ «Ելք» դաշինքը շարունակում է, սակայն մերժել է ՍԴՀԿ-ի հետ համագործակցությունը. «Այդ քաղաքական ուժի հետ համագործակցությունը՝ որպես դաշնակցի, չի քննարկվում: Հաշվի առնելով այն տարբեր հանգամանքները, որոնք եղել են նախկինում՝ իշխանության հետ համագործակցություն, գաղափարական եւ այլն»: ՀԱԿ-ը համագործակցության քննարկումներ է անցկացնում գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որը լավ հարաբերություններ ունի նաեւ ՔՊ-ի հետ: Քննարկումների դրական ելքը արդյոք կամուրջ կդառնա՞ նաեւ ՔՊ-ՀԱԿ համագործակցության համար. «Թող որոշակիություն լինի ՀԱԿ-Խաչատուր Սուքիասյան հարաբերություններում, նոր միայն կպատասխանեմ: Մեր կուսակցության որոշ անդամներ լավ հարաբերություններ ունեն Խաչատուր Սուքիասյանի հետ, սակայն դա ամենեւին չի ենթադրում, որ դրանք պարտադիր պետք է վերաճեն քաղաքական որոշակի համագործակցության կամ խոչընդոտի քաղաքական համագործակցությանը»: Թիվ 4 ընտրատարածքում, որը ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Նորք- Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքները, կառաջադրվի ՔՊ վարչության մեկ այլ անդամ՝ Ալեն Սիմոնյանը։ Ամենայն հավանականությամբ նրա մրցակիցները կլինեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բարեկամներից մեկը, ինչպես նաեւ՝ մեկ այլ ՀՀԿ-ական՝ Մհեր Սեդրակյանի որդին։