Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թղթի վրա եւ իրականում. «Մենք ունենք խաղ՝ առանց կանոնների» (տեսանյութ)

Տնտեսություն
txti-vra-ev-irakanum1

Պետական ռեգիստրի տվյալների համաձայն, 2015 թ-ին ավելի քան 10 հազար ձեռնարկություն եւ անհատ ձեռներեց պաշտոնապես լուծարվել  է։ «Բիզնեսի աջակցման կենտրոնի» հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանը «Թղթի վրա եւ իրականում» հաղորդաշարի ընթացքում նշել է, որ այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ բավական մեծ է։

«Դրա պատճառը գլխավորապես վերջին տարիների տնտեսական ճգնաժամն է, փոքր բիզնեսների անմրցունակ լինելը, ինչպես նաեւ մեծ բիզնեսների կողմից փոքրերի վրա ճնշում գործադրելը։ Դա կարող է դրսեւորվել թե գնային, թե ապրանքատեսականու քանակի առումով»։ Ըստ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանի, շուկայական տնտեսության տեսանկյունից՝ ով հարմար որակ եւ գին է առաջարկում, բնականաբար, նրա առաջարկն էլ կընդունվի. «Սակայն, եթե մենք խաղի կանոնների մեջ ունենք «առանց կանոնների խաղ», ապա սա իր վատ հետեւանքներն ունի»։ Ըստ նրա՝ ներկայումս բոլոր գործարարներն էլ ունեն վարկային բեռ, որը ընդունված չափանիշների համաձայն, չպետք է գերազանցի տվյալ կազմակերպության շրջանառու միջոցների 20-30 տոկոսը, սակայն Հայաստանում այդ ցուցանիշը 100 տոկոսն է, եթե ոչ ավելին։ «Երբ գալիս է կուտակված պարտքը մարելու պահը, պանրագործը այլ բան չունի անելու, քան իջեցնելու ապրանքի գինը։ Իրավիճակը կրկնվում է, երբ գալիս է հումքի համար վճարելու ժամանակը։ Այսինքն, պանրագործը հաճախ գինն իջեցնում է պարզապես վճարումներ կատարելու համար, ոչ թե դեմպինգ անելու կամ որովհետեւ բիզնեսի տեսանկյունից դա է ճիշտ»։ Նրա դիտարկմամբ՝ նմանատիպ մեկ իջեցման դեպքում ողջ շուկան սկսում է տատանվել, չկա նման տատանումները կարգավորող օղակ։ Մինչդեռ, նման տատանումների պատճառով ոլորտը դառնում է անհետաքրքիր։ Ա. Գիգոյանի կարծիքով, ոլորտներ կան, որտեղ գների կարգավորումն անհրաժեշտ է, քանի որ հաճախ գների իջեցումը կատարվում է խոշորների կողմից։ «Պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է գների իջեցումն արվում՝ մրցակիցներին շուկայից դուրս թողնելու, թե որեւէ  այլ նպատակներով։ Հատկապես, որ մրցակիցներին դուրս թողնելու համար գների իջեցումը բավական տարածված երեւույթ է Հայաստանում։ Դա, իհարկե, անօրինական չէ, սակայն սոցիալական պետության շահերից չի բխում»։