Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը «հենց այնպես» հերթագրվել էր ելույթի համար

Քաղաքականություն
arakel

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված վարկային համաձայնագրերը, որոնք ձայների մեծամասնությամբ ընդունվեցին: Դեմ էին ՀԱԿ, ՕԵԿ, «Ժառանգության» պատգամավորները եւ ԲՀԿ խմբակցության մի մասը: ԱԺ-ն շարունակեց քննարկել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը՝ 2-րդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ հնչեցված առաջարկությունները վերաբերում էին ոլորտում առկա քաղաքականությանը, եւ դրանք իրենք հաշվի կառնեն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց հերթագրվել մտքերի փոխանակության համար: Հերթագրվեց 16 պատգամավոր: Դահլիճում սկսեցին ծիծաղել. պատգամավորները Գալուստ Սահակյանի կոչը շփոթել էին քվեարկության հետ: «Նորից ենք սկսում»,- ծիծաղելով ասաց Գալուստ Սահակյանը: Երբ նա կրկնեց իր հայտարարությունը, այս անգամ հերթագրվեց 5 պատգամավոր, այդ թվում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Երբ ԱԺ նախագահը կարդում էր նրա անունը, դահլիճը կրկին սկսեց ծիծաղել: Պարզվեց՝ այս անգամ պատգամավորները որոշել էին կատակել, արդյունքում որեւէ մեկը ելույթ չունեցավ: «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով առաջակվում էր ինտերնետային շահումով խաղերի պետական տուրքը 100 միլիոնից դարձնել 500 միլիոն, դրվեց քվեարկության 2-րդ ընթերցմամբ: Նախագիծն անցավ 81 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ ձայներով: Դեմ էին ՀԱԿ պատգամավորներն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, հնչեցին ծափեր: