Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը դժգոհ է նախարարների աշխատանքից (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-4

Կառավարության նիստն այսօր սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի: Այնուհետեւ վարչապետը  անցնելով հանձնարարականներին նախ հայտնեց իր դժգոհությունը, թե կառավարությանն ուղղված նամակներին լիարժեք լուծումներ չեն տրվում. «Հաճախ այդ նամակները վերահասցեագրվում են նախարարություններին եւ կառավարությանն առընթեր մարմիններին: Սակայն երբեմն մարմիններից ստացվում են՝ առանց բարձրացված խնդրի վերլուծության եւ գործուն քայլեր պարունակող միջոցառումների, գրեթե ոչինչ չասող, անդեմ պատասխան գրություններ, հատկապես եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը»։ Վարչապետը հավելեց, որ առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման, մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու եւ վերադարձվելու են կատարման: Կարեն Կարապետյանը խնդրի լուծումը տեսնում է առարկայական միջոցառումների իրականացմամբ: Ըստ այդմ՝ նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հետեւել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշված մտահոգությունը: Վարչապետը  դժգոհ էր նաեւ  նախարարների տարեկան ծրագրերի մշակումից եւ կատարումից: «Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին. ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ այդ առաջարկությունները միշտ չէ, որ իրագործելի են: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից պլանային հանդիպումների ժամանակ քննարկելու ենք տարեկան ծրագրերը»: