Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Գասպարյան, ի՞նչ խղճով ես մտնում եկեղեցի» (տեսանյութ)

Հասարակություն
karavarutyun

Կապանից Երևան ժամանած Էմմա Հարությունյանը կառավարության շենքի առջև բողոքում է ոստիկանության և դատախազության  անգործությունից: Նրա միակ որդին՝ Արա Խաչատրյանը, վեց տարի առաջ կորել է. «2011 թվականի հունիսի 2-ին իմ տղային իմ աչքի առաջ ընկերները վերցրել են տարել, բայց ոստիկանությունը, դատախազությունը գրել են, թե նա անհայտ կորած է: Իմ որդին անհայտ չի կորել, նրան առևանգել է ամենամոտ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը և Արտավազդ Հարությունյանը: Իմ աղջիկը հարցրել է Գարիկին՝ ուր է իմ եղբայրը, նա պատասխանել է, թե տես՝ հաջորդը դու չլինես: Ես դա ներկայացրել եմ ոստիկանություն, ոչ մի անգամ նրան չեն հարցաքննել, Մոսկվայում հանգիստ  ապրում է»,-նշեց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ իր որդին չափված-ձևված տղա է եղել, որևէ խնդիր չի ունեցել: Հուսահատ մայրը նշեց, թե որդու գործը փորձում են կոծկել, քանի որ հանցագործները թիկունք ունեն. «Վովա Գասպարյանի համար սա մի հինգ րոպեի գործ է: Չի ուզում, չի բացահայտում, որովհետև դիմացը կանգնած են մեծ, հզոր մարդիկ, իսկ իմ տղան որբ է, ոչ հայր ունի, ոչ օլիգարխ քեռի»: Տիկին Հարությունյանի խոսքով՝ երբ Վլադիմիր Գասպարյանը նոր էր նշանակվել ոստիկանապետի պաշտոնում, կառավարության շենքի մոտ խոստացել է տիկնոջը՝ գտնել որդուն: «Ասաց՝ ես տեղյակ եմ ձեր խնդրից, մինչև մեկ ամիս՝ կգտնեմ ձեր որդուն: Մեկ ամիսը դարձավ վեց տարի՞: Պարոն ոստիկանապետ, ի՞նչ խղճով ես  դու քնում, ի՞նչ խղճով ես մտնում եկեղեցի: Եթե դու ուզենաս՝  հինգ րոպեում կգտնես իմ որդուն: Ձեր օրենքը մի անգամ էլ  թող իմ համար աշխատի»,-ասաց կինը՝ հավելելով, որ իրեն չի հաջողվում հանդիպել նաև գլխավոր դատախազի հետ: Հիմա Էմմա Հարությունյանի միակ հույսը նորանշանակ վարչապետն է: