Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին շենքերը սեյսմակայուն դարձնելու համար 25 մլրդ դոլար է պետք (տեսանյութ)

Հասարակություն
nikolay1

Խորհրդային տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգը սխալ էր գնահատված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Նրա դիտարկմամբ ՝այդ տարիներին կարծում էին, որ Հայաստանում չի կարող լինել 7 մագնիտուդ եւ 10 բալ հզորության երկրաշարժ: «Նաեւ սրա պատճառով էր, որ 1988–ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով  ունեցանք այդչափ զոհեր եւ ավերածություններ: Սպիտակի երկրաշարժից  հետո Հայաստանում վերանայվեցին սեյսմիկ նորմերը: Դրանք լուրջ փորձություն անցած եւ աշխարհի լավագույն նորմերից են, որոնք նախատեսված են 9 բալ հզորության երկրաշարժերի համար: Ընդ որում՝ 9-ը բալը նվազագույն շեմն է», -ասաց Ն. Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանի նորակառույց եւ ամրացված շենքերը համապատասխանում են այն մարտահրավերներին, որ կարող են առաջանալ նման ուժգնության երկրաշարժերի պարագայում: Սակայն երկրաշարժերի, հրդեհների, այլ տեխնածին աղետների արձագանքման ժամանակ նորակառույցների խտությունը կարող է խնդիրներ առաջացնել: Անդրադառնալով հին շենքներին՝ Ն. Գրիգորյանը նշեց, որ այսօր ծրագրեր են մշակվում դրանց ամրացման կամ նորերով փոխարինման ուղղությամբ: Առաջնահերթությունը տրվում է դպրոցներին, մանկապարտեզներին, առողջապահական  ու կառավարման շենքերին: «Հին շենքերի ամրացումը չափազանց թանկ է: Նախկին խորհրդային բոլոր երկրները կանգնած են այդ խնդրի առջեւ: Սակայն չի կարելի ասել, որ հետազոտությունները  ցույց են տվել, որ դրա համար 25 մլրդ դոլար է անհրաժեշտ, եւ դա երբեք մեզ հասանելի չի լինի: Պետք է ծրագրեր իրականացնել  եւ միջոցներ ներգրավել»:  Մշակված ծրագրերի համաձայն՝ նախ ամրացվում են դպրոցները, մանկապարտեզները, առողջապահական հիմնարկները եւ կառավարման շենքները: «Սա կապված է նաեւ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ զարգացած երկրները ուժգին երկրաշարժերի դեպքում տուժում են ֆինանսապես ու տնտեսապես, մինչդեռ նոր զարգացող եւ աղքատ երկրներում կորուստները մարդկային են լինում»,-ընդգծեց Ն. Գրիգորյանը: