Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խեցգետինները մանրանում են, կարասի պաշարը՝ նվազում (տեսանյութ)

Հասարակություն
nk

«Սևանա լճում սիգի պաշարն այս տարի չի ավելացել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը՝ ներկայացնելով կենտրոնի ուսումնասիրության արդյունքները. «Անցյալ տարի սիգի արդյունագործական պաշարը եղել է 430 տոննա, այս տարի` 450 տոննա, ինչը էական ավելացում չէ, գրեթե նույնն է»,-նշեց պարոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենք կառավարությանն առաջարկել են՝ ուժեղացնել սիգի որսի արգելքը. «Առաջարկել ենք ուժեղացնել հսկողությունը ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 10-ը, բայց  նախարարությունը որոշել է արգելք դնել դեկտեմբերի 1-ից: Արդեն ամսի 2, 3-ին ես տեսել եմ վաճառքի հանված սիգ, դա նշանակում է, որ արգելքը պատշաճ չի իրականացվում»: Բարդուղ Գաբրիելյանը հավելեց, որ արդյունագործական նշանակության երկրորդ ձուկը կարասն է, որի պաշարները նույնպես նվազել են վերջին տարիներին, իսկ պատճառը որսն է, արտահանումը, ինչպես նաև մակաբույծների առկայությունը: Պարոն Գաբրիելյանը նշեց, որ ձկների որսը թույլատրելի կլինի միայն այն դեպքում, երբ դրա արդյունագործական պաշարը ավել կլինի 1000 տոննայից: Այս առումով քիչ թե շատ բարվոք վիճակում է իշխան ձկնատեսակը, սակայն դա ևս քիչ է. «Քանի դեռ ձկնատեսակը չունի բնական վերարտադրություն, նրա պոպուլյացիան համարել վերականգնված չի կարելի, իսկ իշխանը շարունակում է մնալ առանց բնական ձվադրավայրերի, քանի որ մեր գետերը չունեն համապատասխան միջավայր»: Բանախոսը հավելեց, որ, ի տարբերություն ձկների, խեցգետնի պաշարները մեզ մոտ հասել են 4,5 հազար տոննայի, որը կես տոննայով ավել է անցյալ տարվա համեմատ. «Բայց պետք է ասեմ, որ գնալով այս պոպուլյացիայի մանրացում է նկատվում, խոշոր խեցգետիններ գրեթե չեն հանդիպում հիմա»: