«Մեր երկրում հինգ հոգի Թրամփից առավել միլիարդատերեր են» (տեսանյութ)
ԱԺ քառօրյային այսօր 2017թ. պետական բյուջեի՝ լրամշակված նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, նշեց. «Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այսօրվա իրավիճակին: Ախր, բյուջեի իմաստը դա չէ, բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, իսկ դուք տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում, չեք բարձրաձայնում ոչ կոռուպցիայի, ոչ մենաշնորհի մասին: Ո՞րն է ձեր կոնցեպտը, չկա այն: Չէ՞ որ իրավիճակը ճգնաժամային է, ո՞րն է ձեր տարբերությունը նախորդ կառավարությունից: Հիվանդ տնտեսության դեղատոմսը բերե՞լ եք»: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայնվեց, որ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է. «Սակայն բյուջեն նաեւ գործիք է մակրոտնտեսական կառավարման համար: Ձեր նշած խնդիրների մասին մենք ներկայացել ենք մեր մոտեցումները: Օրինակ՝ կոռուպցիայի մասին արտացոլված է Կառավարության մեր ծրագրի մակրո հատվածում: Օրինակ՝ տեղադրել ենք տեղեկատվական համակարգեր, որ մարդը մարդու հետ չշփվի: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, որտեղ մարդը թղթերը դնում է թեւի տակ ու գնում է չինովնիկի մոտ, իսկ նա ասում է՝ քո կյանքը այնքան վատ է, որ պետք է այս-այն անել: Մեկ այլ օրինակ բերեմ՝ լիցենզիաներն ամբողջությամբ պետք է էլեկտրոնային դառնան, ու սա կոռուպցիային դեմ ուղղված քայլ է: Բյուջեն նաեւ սոցիալական պարտավորություն է: Ես վստահ եմ՝ մենք հաջողություն ենք ունենալու կոռուպցիայի դեմ ուղղված քայլերով»: Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով. «Այն, ինչ ասում եք, դրանք անհրաժեշտ են: Սակայն դուք մեր հիվանդ տնտեսությանը նայում եք որպես երկար՝ 50 տարվա բուժում անցնող համակարգ, ու նրան տալիս եք մրսածության դեղեր, իսկ համակարգը փտախտի մեջ է, նկատի ունենանք 40 տոկոսանոց ստվերը: Էդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Ձեր քայլերը լինելով ճիշտ, ադեկվատ չեն մեր տնտեսությանը. պետք են ռադիկալ քայլեր: Մեր երկրում հինգ հոգի Թրամփից առավել միլիարդատերեր են»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իր ներկայացրած 101 առաջարկից միայն 6-7-ն է ընդունվել բյուջեի նախագծում. «Այո, Արամ Մանուկյանը ճիշտ է՝ դուք մրսած եք, ու տնտեսության մեջ ոչ թե մրսածության դեղեր պետք է տալ, այլ պետք են դեղեր, որ կկայունացնեն տնտեսությունը»: