Նախարարը խաբված կոնդեցի կնոջն առաջարկեց ապրել տուն-ինտերնատում
Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին զարմացնում եւ զայրացնում է գործարանի՝ գաղտնի կերպով սնանկ ճանաչելը:
«Անհասկանալի բան է եղել, անհասկանալի: Ոչ ոք չի հասկանում, համ մրցույթ համ սնանկ ճանաչել: Ուզում են վերացնեն էլի Նաիրիտը, հիմնահատակ վերացնեն»,- ասում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Արմեն Դեմիրճյանը:
Կառավարության շենքի մոտ հավաքված նաիրիտցիներն ահազանգում են՝ կառավարությունը կորցրել է իր վստահությունը:
«Նաիրիտ» գործարանին սնանկ ճանաչելու պահանջով հերթական նիստը Շենգավիթի դատարանում պետք է տեղի ունենար հաջորդ տարվա հունվարի 25-ին, սակայն գրեթե գաղտնի պայմաններում այն տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Հայաստանի Էլեկտրական ցանցերի հայցով որոշում է կայացվել սնանկ ճանաչել գործարանը:
« Կան էլի կազմակերպություններ, որոնց «Նաիրիտ»-ը շատ ավելին է պարտք, քան ՀԷՑ-ի պարտքն է: Բայց նա պահանջեց, ոչ թե պարտքի մարում, այլ սնանկության հարց էր ներկայացրել, չգիտես ինչու»,- ավելացնում է Կարինե Շահվերդյանը:
Նաիրիտցիները վճռական են տրամադրված եւ չեն պատրաստվում նահանջել:
Ամեն հինգշաբթի մշտապես կառավարության շենքի դիմաց հավաքվող հաշմանդամություն ունեցող օդաչուներին էլ ոգեւորել է վարչապետի հանձնարարականը:
«Վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ կողմերին, որ կարողանան ներկայացնել բուն պրոբլեմը եւ լուծման առաջարկներ տալ»,-ասում է Սեյրան Սարգսյանը:
Հայկական ավիաուղիների սնանկ ճանաչվելուց հետո, արդեն 10 տարի է, նրանք չեն կարողանում ստանալ իրենց թոշակները: « Որ դուռը ծեծում ենք, ասում են ձեզ շատ ենք հարգում, դուք ճիշտ եք, օրենքները ձեր կողմն է, բայց փող չկա: Դե եղբայր, բավական է, էլի , այսքան թալանել եք, տարել եք դղյակներ եք սարքել, դրա համար փող կա, այս հարգարժան մարդկանց համար չկա»։
Իրենց խնդրի մասին կրկին հիշեցնում են Կոնդ թաղամասի նախկին բնակիչները: Արդեն 10 տարի է՝ նրանք մնացել են առանց տանիքի:
«Եկան խաբեցին, ասեցին պայմանագիր կնքենք, կստանաք : Հիմա շենքը, 15 հարկը կանգնած է, մեզ էլի ասում են այս տարի, մյուս տարի, արդեն 10 տարի անց ենք կացրել փողոցներում»,- ասում է Սիրվարդ Խաչատրյանը:
82- ամյա Սիրվարդ Խաչատրյանը տունը կորցնելուց հետո միայնակ ապրում է Աբովյանում: Նա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին խնդրեց օգնել իրեն: «Տուն- ինտերնատում կբնակվե՞ք»,- հարցրեց նախարար Արտեմ Ասատրյանը:
Թոշակառու կինը չհամաձայնեց:
Այսօր Սիրվարդ Խաչատրյանի, ինչպես նաեւ մյուս կոնդեցիների երազանքը իրենց հասանելիք տներում ապրելն է: