Կփորձարկվի հաշմանդամության կարգի տրամադրման նոր մոդել (տեսանյութ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներդրման մասին» նոր օրենքի նախագծի հանրային քննարկում։ Ներկայումս գործում է միայն «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության օրենքը»։ Նոր օրենքի նախագիծը հաշմանդամների իրավունքի վրա հիմնված նախագիծ է։ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միության գործադիր տնօրեն Զարուհի Բաթոյանի խոսքերով , դեռեւս հստակ չէ հաշմանդամության սահմանումը, հաշմանդամության ճանաչման խնդիրները, քանի որ առաջիկայում կարող է փոփոխվել հաշմանդամության սահմանման կարգը, ինչպես նաեւ ծառայությունների մատչելիության հետ կապված խնդիրները։ «Երբ խոսվում է տրանսպորտային մատչելիության մասին, խոսվում է նվազագույն պայմանները ապահովելու մասին, մինչդեռ օրենքը պետք է ասի, որ տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն»,-ասաց Զ. Բաթոյանը՝ ընդգծելով, որ ներկայումս 25 ավտոբուս կա Երեւանում, որ մատչելի է հաշմանդամների համար։ ««Նվազագույն» տերմինն օգտագործելու դեպքում կարելի է կանգ առնել հենց այդ 25-ի վրա եւ այլեւս ոչինչ չփոխել»։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, ներկայիս օրենքը վերաբերում է հաշմանդամների հասարակությանն ինտեգրելուն, կարեւոր է նաեւ, թե ինչպիսին պետք է լինի հաշմանդամության սահմանումը։ Ըստ նրա՝ նախատեսվում է ունենալ համալիր ծրագիր, միաժամանակ, այդ ծրագրերի ներքո տարեկան ծրագրեր կլինեն։ «Քանի որ բոլորս հասկանում ենք, որ պետական բյուջեի միջոցները սուղ են, հնարավոր չի լինի մեկ օրում բոլոր խնդիրները լուծել , սակայն կարեւոր է, որ բոլոր ուղղություններով նշվում են ծրագրերը, որոնցով պետք է իրականացվեն միջոցառումները»։ Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ հաշմանդամության կարգի տրամադրման գործող կառուցակարգերին զուգահեռ հունվարից կփորձարկեն նաեւ կիրականացնեն հաշմանդամության սահմանման կամ ճանաչման ուղղությամբ նոր մոդելի ներդրման աշխատանքներ։