«Պետք չէ վարվել դարանակալած ոստիկանի նման»
Հայ գործարարը պետք է հասկանա, որ առողջ բիզնես պահելու համար, ներդրումների համար, ինկուբատորային տեսանկյունից՝ միայն պետության աջակցությունը չպետք է լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ ավելացնելով. «Դա նման է նրան, որ մի շատ ինտելեգենտ մարդուն տանես, նստացնես բանտում, որտեղի միաջավայրը միայն վատ մարդիկ են»: Ըստ նրա՝ աշխարհին մենք տնտեսապես լավ ներկայացված չենք. «Մեզ ճանաչում են միայն Նոյան տապանով, Արարատ լեռով»: Ինչ վերաբերում է ներքին արտադրողների ու ներդրողների նկատմամբ պետության վերաբերմունքին, ապա պարոն Մակարյանն անդրադառնալով «Կիլիկիա» գարեջրի գործարանի նկատմամբ ՏՄՊՊՀ-ի ստուգումներին ու տուգանքներին, նշեց. «Ներքին ներդրողներին աչքաթող են անում, սխալ պատժամիջոցներով՝ հուսահատության բերում: Մեկ հարվածով ոչնչացնելը ճիշտ չէ, օրինակ, երբ «Կիլիկիա»-ին գերիշխող դիրքի չարաշահման տեսնակյունից են մոտենում: Պետությունն ընկերությանը պաշտպանելու փոխարեն, էն դարանակալած վատ ոստիկանի նման հանկարծ դուրս է գալիս ու, հոպ, ընկերությունն արդեն վատ վիճակում է հայտնվում ու տուգանվում: Մինչդեռ, «Կիլիկիա» ընկերությունը միջազգային սննդի սերտֆիակացում է արել, գումարներ ծախսել, եւ հետեւաբար, ապրանքը որոշակիորեն պետք է թանկացներ, իսկ ՏՄՊՊՀ-ն պարզ թվաբանությամբ է առաջնորդվել ու գերիշող դիրքի չարաշահում հայտարարել: Բա, ինչպե՞ս անես ներդրումներ ու չվերադարձնես գումարները, որքան էլ ուզենաս օպտիմիլացնես գները»: Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթ»-ի սնանկացմանը, ապա Գագիկ Մակարյանը նշեց, որ քսան տարվա փորձ ունեցող, լեգենդար այս ընկերությունը միշտ զգուշավոր, լավ մենեջմենթ է արել. «Արտադրանքը մուլտիպլիկատոր էֆեկտ ունի. կաթի քանակը նույնն է մնացել, սակայն կաթ գնող կազմակերպություններն են շատացել: Այս պարագայում պետությունը պետք է ձեռք մեկնի, առողջացման ծրագիր իրականացնի, նույնիսկ փայ մտնի, եթե տերերը համաձայնվեն, սուբսիդավորման մեխանիզմներ գտնի, հարկերը նվազեցնի: Եթե այս ընկերությունը սնանկացավ, այնպես չէ, որ կվերաբաշխվի մյուս ընկերությունների վրա, վերջիններս հնարավոր է իրենց վրա չկարողանան վերցնել»: Ըստ նրա՝ ՊԵԿ-ի կարեւոր գործառույթներից մեկը պետք է լինի, որ բիզնեսների դեպքում պետությունը ժամանակին, առանձնահատուկ միջամտություն անի: Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ հակաճգնաժամային ծրագրերը նախապես ունենան, այլ ոչ թե վրա հասնի ճգնաժամը, նոր միայն ստեղծեն»: «Աշտարակ կաթ»-ի փակման պատճառներից մեկն էլ պարոն Մակարյանը նշեց վարկեր վերցնելն ու դրանք հետագայում չկարողանալ մարելը. «Դրան զուգահեռ այս տարիներին շատ արագ անկում է ապրել գնողունակությունը, որը ճիշտ չէին գնահատել վարկի մարման հաշվարկների մեջ, ու ընկերությունում առաջացել է ֆորսմաժորային իրավիճակ»: Նա չբացառեց, որ գնողունակության անկումն ազդի նաեւ մյուս ընկերությունների գործունեության վրա: Օրինակ՝ այսօր կենցաղային ապրանքների գծով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տնտեսվարողները հանդիպում են ունեցել, որի ժամանակ ներկայացվել է ԵՏՄ տեխնիկական պահանջները արտահանման ու ներկրման առումով: Տնտեսվարողները բողոքում էին, որ իրենց կազմակերպություններում ստուգումները խստացվել են, սերտիֆիկացվում է ամեն ինչ, ինչպես նաեւ՝ սերտիֆիկացման գործընթացը ճիշտ պայմաններով է արվում, որն էլ կարող է հանգեցնել շատ ընկերությունների փակման: Գագիկ Մակարյանը նշեց, որ հայ տնտեսվարողները մի վատ սովորություն ունեն՝ կամ չեն կարդում այդ նոր կանոնակարգերը, կամ մտածում են դեռ ժամանակը չէ, ու սկսում են այդ ամենի մասին մտածել, երբ սկսվում են ստուգումները. «Դա լավ ձեռագիր չէ: Տնտեսվարողները երբեմն արհեստական հայտարարագրեր են ձեւակերպում, որ այդ կանոնակարգերը թվացյալ կատարել են, սակայն երբ իրական ստուգումները սկսում են, կանգնում են փաստի առաջ. «Պետությունն այս պարագայում եւս անելիք ունի. պաշտոնապես հայտարարում են փոփոխությունների մասին ու կարծում են, որ դա բավարար է: Իրականում հարկավոր է լուրջ իրազեկման արշավներ անել, քանի որ տնտեսվարողները չեն հասցնում տասնյակ փաստաղթղթերի հետեւել: Կարծում եմ՝ խնդրի լուծման համար պետությունը պետք է սուբսիդավորի սերտիֆիկացման մի մասը: Նախարարությունն այս պարագայում շատ արագ պետք է արձագանքի, մինչդեռ, վարչության պետերը իրենց աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Հոտառությամբ զգում եմ, որ նախարարությունը մոտ ժամանակներս խնդիրներ է ունենալու, քանի որ իր գործառույթներն արդյուվետ չի իրագործում»: