«Դեպի ԵՏՄ ունենք արտահանման զգալի աճ»
ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի համատեղ նիստից հետո ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ 2016թ. առաջին 9 ամիսների ընթացքում ունենք արտահանման զգալի աճ. «Արտահանման տեսանկյունից մեր գործընկերն է հանդիսանում ԵՏՄ-ն: Մենք ունենք աճ նաեւ Եվրամիության հետ, սակայն ԵՏՄ-ում աճը շատ ավելին է»: Վաչե Գաբրիելյանը նաեւ նշեց, որ այս պահին ԵՏՄ հետ ունենք դեղերի միասնական շուկա. «Դա, իհարկե, չի նշանակում, որ նա նույնությամբ կարող է մասնակցել անմիջապես պետական գնումներին, որովհետեւ պետական գնումների համար կան նաեւ այլ միջոցառումներ: Բոլոր դեղատնային եւ այլ ցանցերում ազատ վաճառքը, որը չի պահանջում պետական միջոցների ծախսում, արդեն իսկ դառնում է իրողություն: Սա այն առաջին քայլերից մեկն է, որ անում ենք շուկաների, ապրանքների, ծառայությունների միասնականության համար»: Փոխվարչապետը նշեց, որ Ռուսաստանի շուկան 2015թ. փոխվել է՝ գնողունակությունը 2 անգամ ընկել է. «Անցած տարվա սկզբում մենք համապատասխան վերլուծություն ենք արել, թե ինչ կլիներ իրավիճակը, եթե մենք չմիանայինք: Եվ այն սցենարը, որը կար, եւ այն սցենարը, որն առկա էր Մոլդովայում, Վրաստանում, նույն տրամաբանությունը, եթե աշխատեր Հայաստանում, ապա մենք կունենայինք շատ ավելի ցածր արտահանման եւ տնտեսական հարաբերությունների մակարդակ: Այսինքն՝ իրողությունները պետք է հաշվի առնել: ԵՏՄ-ն՝ որպես տնտեսական կառույց, մեղմել է այն հարվածները, որոնք մենք ստացել ենք Ռուսաստանի շուկայի փոքրացման հետեւանքով, բայց շուկաների կանոնակարգման, նույն Ռուսաստանի շուկայում գնաճի անկման, տնտեսական աճի անկման դադարի տեսակետից արդեն իրավիճակ է սկսում փոխվել, եւ մենք կարող ենք տեսնել շատ ավելի լավ զարգացումներ»: Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է Հայաստանի արտադրողների հետ և ամեն ինչ անում է նրանց արտադրանքի ելքը ԵՏՄ անդամ երկրների շուկաներ ապահովելու համար: Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության արդյունքում ստեղծված գործիքակազմը հնարավորություն կտա նոր միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ. «Իհարկե, դեռևս այն միջոցները, որ դրված են պետական բյուջեում այս խնդիրների լուծման համար, շատ մեծ չեն»: