Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

16 կետ ընդդեմ 1000 դրամի

Կարևոր լուրեր Հասարակություն
money-banknote-dram-stock-picture-1957512

Ինչո՞ւ է 1000 դրամ պարտադիր հանգանակությունը հակապետական եւ հակամարդկային արարք: Բերենք մի քանի փաստարկներ. -Հանգանակությամբ իշխանությունն իր ձեռքերն ազատում է` զինվորի հետ վարվել ոնց ցանկանում է: Սպանության անունը կդնեն հրազենային մահացու վիրավորում, իսկ ծնողներին կմխիթարեն 10 մլն դրամ միանվագ վճարով: Ապահովագրելով մահը եւ հաշմանդամությունը՝ իշխանությունը զինվորի հարազատի համար բթացնում է նրա կյանքի զգացումը: -Զինվորին սպանող սպային, որը պարտադիր հանգանակության «քավորությամբ» ազատվում է քրեական պատասխանատվությունից, իշխանությունը կարող է օգտագործել իրեն անհրաժեշտ այլ հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ պատվիրված սպանություն: -Պարտադիր հանգանականությամբ իշխանությունը հրապարակային է դարձնում զինվորի կյանքի վրա չդողալու իր վարքը այն տարբերությամբ, որ մեռածի (ներողություն) համար կփոխհատուցեն: -Իշխանությունը հանգանակությունը պարտադիր է սարքում, որովհետեւ սպասվող ընտրություններում կաշառվող ընտրողը կարող էր թիվ կրակել: 1000 դրամով ինքը պահպանում է ընտրակաշառքի կայուն գինը՝ 5-10 հազար դրամ: -Իշխանությունը հանգանակությունը պարտադիր է դարձնում, որովհետեւ ընտրակաշառակերը երբեք այդ գումարը կամավոր չի տա: Եվ, իսկապես, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի վերցված կաշառքը: -Իշխանության ցանկացած ֆինանսական մտահղացում պետք է աշխատի բյուջեի միջոցով: Այս հիմնադրամը գործելու է բյուջեից անկախ: Այն չի ապահովելու փողի վերարտադրողականությունը: Այս հիմնադրամը ճահճացնելու է փողը: -Պարտադիր հանգանակության գաղափարով իշխանությունը վիրավորում է մահացու հիվանդություններ ունեցողներին եւ նրանց հարազատներին, որոնք կյանքի համար պայքարում սովորաբար կորցնում են ամբողջ ունեցվածքը: -Պարտադիր հանգանակությունը ծաղր է ծայրահեղ աղքատության մատնված եւ պարզապես աղքատ ընտանիքների հասցեին: Երբ դու 1000 դրամ պարտադիր հանգանակություն ես ձեռնարկում, նշանակում է պիտի երաշխավորած լինես, որ 1000 դրամ պարտքի համար չպետք է անջատվեն աղքատների գազը եւ լույսը: -Բանակի կողքին այս հանգանակությամբ կանգնելու գաղափարը ամենակեղծն է «խորհրդարանական կառավարում» գաղափարից հետո: Եթե պաշտպանության նախարարը խորհրդարանի ամբիոնից մուննաթ է գալիս կամ ծաղրում է պատգամավորին, նշանակում է բանակին արդեն իսկ թույլատրվում է ավելին, քան պետք է: -Ապահովագրելով զինվորի մահը կամ հաշմանդամությունը, Սերժ Սարգսյանի իշխանությունը չի ապահովագրում խաղաղությունը, որովհետեւ ինքը տնօրինում է խաղաղության կենցաղի գումարը՝ քաղաքացուն հիշեցնելով, որ խաղաղությունից ինքը շահ չունի: -Պարտադիր հանգանակության 1000 դրամի դիմաց իշխանությունը ոչինչ չի առաջարկում: Հետեւաբար մտնելով մեր գրպանը «ոչ հարկ, ոչ տուրք» դաժանությամբ, իշխանությունը պետք է սրբագրի նվազագույն զամբյուղը: Ինչպես նաեւ պետք է եւս մեկ նիշով իջեցնի աղքատության եւ ծայրահեղ աղքատության շեմը: -Հանգանակությունները սկսվում են մարդկային արժանապատվությունից: Նրանց թիրախը մարդն է, որին հանգանակողը դեմքով չգիտի: Երբ հանգանակությունը դարձնում ես պարտադիր, թիրախը դառնում է տուն խցկվող ավելորդ բերան: -Իշխանությունը հասարակություն է մտցնում մի տգեղ մշակույթ՝ եթե զինվորական ծառայությունը պարտադիր է, հանգանակությունն էլ պետք է լինի պարտադիր: Ինքը սպանում է կամավոր հանգանակի մշակույթը, որը հիմնված է կրթության եւ խղճի վրա: -Պարտադիր հանգանակությունը «հանուն Հայրենիքի զոհվելու» դեպքում զինվորի համար հետմահու բավարարվածության երաշխիք է, որը իշխանությունը ձախողել է, երբ իշխանություն էր: Հիմա նա ուզում է հաջողել որպես «Պողոս Նուպար փաշա»: Բայց դարձյալ հարսի՝ ժողովրդական ասույթի մատնանշած տեղի հաշվին -Օրինագիծը հերոսականության արհեստական մղումներ կարող է հաղորդել ամենաաղքատ զինվորներին: Ավելին, մարտական փոքիկ կամ խոշոր բախումների ժամանակ նրանք գուցե չհրաժարվեն ընտրել ստույգ մահը: Սա գուցե համատարած «հիվանդություն» չդառնա, բայց փոխհատուցվող խոշոր գումարը եւ հերոսի հետմահու «մուղամը» լավ հակափաստարկներ են այսպիսի դեպքերի համար, երբ ապրելն այսպես թե այնպես իմաստ չունի: -Եվ ամենասարսափելին՝ իշխանությունն ասում է, որ պետությունը փող չունի, բայց քաղաքացին ունի։ Ամբողջ աշխարհն է սա տեսնում։ Հենց սա է դեֆոլտը։ Սա Հայաստանից գաղութ ստանալու բացառիկ քայլ է։ Միայն գաղութներում եւ գետտոներում են մարդիկ իրենք հոգում իրենց խնդիրները, որոնցում պետությունը փայ չունի։   Մհեր Արշակյան Ա1+ Բլոգ