Տեղեկանքներ ու վկայականներ ստանալու ընթացակարգը կպարզեցվի
Ծննդյան եւ մահվան բժշկական տեղեկանքներն ու վկայականները ստանալու ընթացակարգը կպարզեցվի: Կառավարությունն այսօր ընդունեց «Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի հանձնարարականը կատարելով՝ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները պարզեցնելու և քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու անհրաժեշտությամբ: «Նախկինում բժշկական տեղեկանքը տրվում էր թղթային տարբերակով, գրվում էր ձեռագրով եւ երբեմն անգամ սխալ տվյալներով: Քաղաքացին պետք է այդ թուղթը տաներ ՔԿԱԳ եւ ստանար վկայականը։ Եթե սխալ էր հայտնաբերվում, նա կրկին պետք է հետ գնար բժշկական կենտրոն եւ ստանար նոր տեղեկանք»,- նշեց նախարարն ու հավելեց, որ նոր ծրագրով տեղեկանքները կդառնան էլեկտրոնային. «Այսպես ոչ միայն մեր քաղաքացիների գործը կհեշտանա, այլեւ ավելի կբարելավվի վիճակագրություն ունենալու գործընթացը»: Համակարգն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել 400 բժշկական հաստատություններում եւ գործարկել 2017թ. հունվարի 1-ից: