Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Սարի թաղի գործով կալանավորվածը կմնա կալանքի տակ

Հասարակություն
sari-tax

Նազիկ Թորոսյանը   դատարան  է եկել  հետեւելու՝  4 ամիս առաջ կալանավորված որդու դատավարությանը։  Հարություն Թորոսյանը մեղադրվում է  հուլիսի 17-ին Սարի թաղում իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: « Սարի թաղը զրկել էին հոսանքից, տրանսպորտի միջոցից,  ամենակարեւորից՝ Սարի թաղ բարձրանալը եւ իջնելը ամռան այդ տապին շատ դժվար էր:   Փոխանակ պատժեին այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար պատժում են մեր երիտասարդներին, ովքեր հունից դուրս եկած՝ ելել էին բողոքի»,- «Ա1+»-ին ասաց Հարություն Թորոսյանի մայրը՝  Նազիկ Թորոսյանը: Բացի Հարություն Թորոսյանից, գործով անցնում են նաեւ Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ  Էդուարդ Զեյթունյանը։ Վերջինիս  պաշտպանը միջնորդություն ներկայացրեց  նրան  անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:  Երկամսյա կալանքի ժամկետը լրացել է եւ չի երկարացվել։ «25.09.2016 թ. առ այսօր,   Էդուարդ Զեյթունյանին կալանքի տակ պահելու վերաբերյալ առկա չէ դատարանի որեւէ որոշում,  հետեւաբար ենթակա է անհապաղ ազատ արձակման»,- նշեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը 1 ժամից ավել խորհրդակցական սենյակում մնալուց հետո, որոշեց մերժել միջնորդությունը: Դատական հաջորդ  նիստին   խափանման միջոցը գրավով կամ ստորագրությամբ փոխելու միջնորդություն է ներկայացնելու Հրայր Իսախանյանի պաշտպանը :  Գրիշա Բալասանյանի խոսքերով,  որեւէ ապացույց չկա նրա դեմ, բացի այդ,  իր պաշտպանյալն ունի  առողջական խնդիրներ: «Այս ընթացքում նա չի բուժվել, հոգեկանի հետ կապված խնդիր ունի, թոքերի հետ կապված խնդիր ունի եւ անհապաղ բուժում է պետք, իսկ այս պայմաններում ստացիոնար բուժում չի կարող ստանալ, ստացիոնար բուժում է անհրաժեշտ»: Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 25-ին: